Եթե կատուն մուկ չի բռնում, պիտի ազատվել նրանից.ՀՅԴ
«Այս ծրագրի կարեւորագույն ուղերձը մեր երկրի այսօրվա իրավիճակի համարձակ ու շիտակ ախտորոշումն է՝ առանց ինքնախաբեության, առանց թաքցնելու՝ ինչ վիճակ ունենք երկրում: Բնականաբար, երբ ճիշտ ախտորոշում ես կատարում, դրանից էլ բխում են հնարավորինս ճշգրիտ ձեւակերպվելիք խնդիրները: Համարձակ ու հավակնոտ ծրագիր է եւ իրավիճակին լրիվ համարժեք»,- խորհրդարանում հրավիրած մամուլի ասուլիսում կառավարության ծրագիրն այսպես գնահատեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Նորարարարական մոտեցումներ ու ոճի տարբերություն կա նախորդ բոլոր ծրագրերի հետ համեմատած»: Ռուստամյանը մասնավորեցրեց, որ կառավարման համակարգը բարեփոխելու եւ անարդյունավետ կառույցները վերացնելու «անկեղծ» մտադրություններ ու նպատակադրումներ կան. «Պարզ խոսքով ասած՝ կատուն պահում են, որ մուկ բռնի, եթե կատուն մուկ չի բռնում, պիտի ազատվել նրանից: Հիմա էդպիսի բազում կատուներ կային պետական համակարգում, ամրապնդվել էին, իներցիոն ձեւով անցնում էին մի կառավարությունից մյուս կառավարություն, ըստ էության իրենց նպատակներին չէին ծառայում, հիմա շատ հստակ քաղաքական կամք կա դրանցից ազատվել»,-ասաց նա: «Մենք իսկապես քննարկումներում ծրագրի դրույթներում տեսնում ենք կամք, վճռականություն, էներգիա, երկրում արդյունավետ կառավարում ապահովելու, իրական որակական փոփոխություն իրականացնելու վճռականություն: Այս ծրագիրը` իր խնդիրներով, նպատակադրումներով, ունենալու է Դաշնակցության ամբողջական աջակցությունը, եւ արդեն ընթացքում, ըստ կատարողականի, արդյունքների, կգա նաեւ գնահատելու ժամանակը»,- հավելեց ՀՅԴ քարտուղար Աղվան Վարդանյանը`հավելելով, որ իրենք ուզում են հավատալ, որ երկրում իսկապես բան է փոխվում, պետություն-հասարակություն-քաղաքացի հարաբերություններում նոր հիմք է դրվում. «Մնում է բոլորս փորձենք ոչ թե կողքի կանգնել, այլ մասնակից լինել, աջակցել, վստահության մթնոլորտ ստեղծել, որպեսզի իսկապես մեր երկրում մեր ցանկացած փոփոխությունները կատարվեն»:
