Պետք է ֆիքսվել ոչ թե օլիգարխներ վրա,այլ...Վարդան Արամյան
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության ծրագրում շատ կոնկրետ ներկայացված միջոցառումներ են, այդ թվում՝ հարկային և մաքսային ոլորտում. «Կարծում եմ՝ դրա մասին վարչապետը նախապես կներկայացնի ընդհանուր շրջագիծը, որից մենք մանրակրկիտ կներկայացնենք այն հարցերը, որոնք ձեզ հուզում են»: Դիտարկմանը, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ահազանգում է հնարավոր տնտեսական աղետի՝ դեֆոլտի մասին, Վարդան Արամյանն ասաց.«Ես նման կանխատեսում չունեմ։ Մտահոգությունն այն է, որ մենք ունենք գլոբալ տնտեսությունում արտաքին հատվածից ներթափանցող բացասական շոկեր։ Դա տեղի է ունեցել 2014թ.-ից։ Ես նաև հանդես եկա զեկույցով, ներկայացրի մակրոտնտեսական զարգացումները 2014թ. այս կողմ՝ ինչ է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք արձագանքել։ Ապագային նայելով՝ մենք, բնականաբար, պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի մտցնենք հարկաբյուջետային կայունություն։ Դա նշանակում է, որ պարտքն աստիճանաբար պետք է մեղմվի, պարտքի աճի տեմպերը պետք է մեղմվեն»,- ասաց նա: Անդրադառնալով դեֆոլտի մասին Լ. Տեր-Պետրոսյանի հայտարարությանը՝ նախարարը նշեց, որ իրավաչափ չի կարծում՝ այս պահին խոսել, որ մենք վտանգված ենք։ Խոսելով օլիգարխներից՝ ֆինանսների նախարարն ասաց, որ պետք է ֆիքսվել ոչ թե նրանց, այլ համընդհանուր հարկային արդարության և սկզբունքների վրա։
