Գալուստ Սահակյանին պետք է խնդրել, որ անմիջապես դուրս գա Հայաստանից
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխությունների եւ լրացումների շուրջ խորհրդարանական 5 խմբակցությունների միջեւ քննարկումներին՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասել է. «Ես որտեղից դուրս եմ գալիս, խնդիրները լուծվում են»: «ՉԻ» – Ըստ երեւույթին, Գալուստ Սահակյանին պետք է խնդրենք, որ ինքն իրեն հռչակի ղարաբաղյան հակամարտության լիարժեք կողմ, մասնակցի բանակցություններին եւ անմիջապես դուրս գա բանակցային գործընթացից: Խնդիրները միանգամից կլուծվեն: Բայց պատկերացնո՞ւմ եք, թե դրանից հետո ինչ պահանջարկ կվայելի Գալուստ Գրիգորիչը: Ով ինչ պրոբլեմ ունենա՝ նրան կներգրավի այդ խնդրում, հետո կխնդրի դուրս գալ եւ վերջ: Ըստ էության՝ այս վիճակը միայն մի հանգուցալուծում ունի: Գալուստ Սահակյանին պետք է խնդրել, որ անմիջապես դուրս գա Հայաստանից: Եթե չենք սխալվում՝ սա կոչվում է «համապարփակ եւ ամբողջական լուծում»: Իսկ թե Հայաստանից ինչ ուղղությամբ դուրս կգա՝ դա արդեն արտգործնախարարության իմանալիքն է: Հայաստանը թշնամիների պակաս երբեք չի ունեցել»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում:
