Մեր տնտեսության մոնոպոլիզացիայի աստիճանը ոչ մի կերպ չի նվազում
Մինչ ՀՀ կառավարությունը հայտարարում է փոփոխությունների մասին, հավակնոտ ծրագիր է մշակում ու ներկայացնում հանրությանը, մեր տնտեսության մոնոպոլիզացիայի աստիճանը ոչ մի կերպ չի նվազում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով , գրել է «Հայկական ժամանակ»-ը:
«Օրերս ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց սպառողական գների վերաբերյալ սեպտեմբերյան զեկույցը, որի համաձայն շաքարավազի մեկ կիլոգրամը Հայաստանում արժեցել է 385 դրամ։ Նույն ամսի ռուսաստանյան սուպերմարկետներում շաքարավազի միջին գինը կազմել է 370 դրամ, իսկ որոշ ցանցերում այն արժեցել է նույնիսկ 340 դրամ։ Այսինքն՝ մրցակցության իսպառ բացակայության պատճառով ՀՀ-ում շաքարավազը մինչև 15 տոկոս թանկ է, քան ՌԴ-ում, որի հետ մենք մաքսյին սահման չունենք, և գտնվում ենք միևնույն տնտեսական տարածքում։
Բանանի գինը այդ նույն ամսին Հայաստանում եղել է 883 դրամ, մինչդեռ ՌԴ-ում դրա գինը, ըստ ռուսական մասնագիտացված կայքերի, եղել է 500-550 դրամ կամ ավելի քան 30 տոկոս էժան: Միասնական տնտեսական տարածքի տրամաբանությունը և բովանդակությունը հուշում է, որ Հայաստանում ազատ մրցակցության պայմաններում գների այսպիսի տարբերությունը պարզապես բացառվում է։ Իսկ կառավարությունը իր նոր ծրագրում տնտեսական մրցակցությունը նույնիսկ չի էլ դիտարկում որպես լուրջ խնդիր»։
