Հայկ Խաչատրյան. Ես կողմ էի, որ ԲՀԿ-ն լինի իրական ընդդիմություն
Երեկ երեկոյան ԲՀԿ-ից դուրս գալու մասին ԱԺ պատգամավոր Հայկ Խաչատրյանի հայտարարությունն անակնկալ էր, սակայն սպասելի: Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո Խաչատրյանը թեև մնացել էր կուսակցությունում, բայց դուրս չէր եկել ծառուկյանական ընդդիմադիր ԲՀԿ-ականի կերպարից: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
Նա այն համարձակներից էր, որը 2015-ին «դեմ» քվեարկեց Սերժ Սարգսյանի Սահմանադրության նախագծին և հայտարարեց, որ դրա դեմ պետք է փողոցում պայքարել, մինչդեռ ԲՀԿ վերնախավը հլու հնազանդ կողմ էր: Ապա Խաչատրյանը տևական ժամանակ անհետացավ, ընկերներն ասում էին, որ մեկնել է ԱՄՆ՝ առողջական խնդիրներով: ՊՊԾ գնդի գրավման ժամանակ էլ նա իր էջում տեղադրել էր «Քաղաքացիները պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը» վերնագրով տեսանյութ: ԲՀԿ-ն լքելու պատճառների մասին Հ․ Խաչատրյանը թերթի հետ զրույցում ասել է, որ ԲՀԿ-ն կեղծ ընդդիմադիր է. «Ես կողմ էի, որ ԲՀԿ-ն լինի իրական ընդդիմություն»։
Հարցին՝ իսկ ինչո՞ւ հիմա դուրս եկաք։ «Ինձ հետ պահող բան չի եղել, ուղղակի գնացի ԱՄՆ, վերջերս եմ վերադարձել ու վերջնական որոշում կայացրել», մանավանդ՝ Ծառուկյանի վերադարձի հարցն «օդի մեջ» խոսակցություններ են:
Նա չի բացառել «Համախմբում» կուսակցությանն անդամագրվելու հեռանկարը։
