Ոչ մի հրաշք, ոչ մի հեղափոխություն. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախօրեին շրջանառության մեջ դրվեց նորանշանակ վարչապետի եւ նրա կառավարության ծրագիրը, որը չնայած ընդամենը վեցամսյա գործողության ժամկետ ունի, սակայն չափից դուրս մեծ առաքելություն։ Այս ծրագրի հետ են կապված ոչ միայն հասարակության՝ լավ ապրելու հույսերը, այլեւ իշխանության՝ վերարտադրվելու։ Եվ ծրագրի ձախողումը ոչ միայն հասարակական հիասթափություն է առաջացնելու, այլեւ իշխանությունների ցասումն է բորբոքելու՝ չէ՞ որ Կարեն Կարապետյանի վրա դրված է վարկաբեկված ու երկիրն անդունդի եզրին հասցրած ՀՀԿ-ի համար շոգեքարշի դերակատարումը։ Շոգեքարշ, որը կարճ ժամանակում տեղաշարժեր կապահովի եւ ըստ այդմ՝ նաեւ նրան նշանակող իշխանական կուսակցության ու նրա լիդերների համար աթոռներ զբաղեցնելու եւս մի ժամկետ կամրագրի։ Երեկ մենք փորձում էինք հասկանալ, թե ինչ գաղտնի մեխանիզմներ ու բաղադրատոմսեր են նախանշված, որ այս մեծ ու պատասխանատու գործը գլուխ բերվի։ Ինչ են գրել այդ կախարդական ծրագրի մեջ, որ մեր տասնամյակներ կուտակված խնդիրները 6 ամսում նահանջեն, տնտեսությունն սկսի բարձրանալ, իշխանությունը դառնա պակաս ատելի, կյանքը՝ ավելի հաճելի։ Նրանք, ովքեր քիչ թե շատ հասցրել են ծանոթանալ Կարեն Կարապետյանի ծրագրին, ասում են, որ ստվերի կրճատման, հավասար մրցակցության, փոքր ու միջին բիզնեսին արտոնություններ տալու, մենաշնորհները վերացնելու, կոռուպցիան նվազեցնելու քայլեր են նախատեսված։ Ոչ մի հրաշք, ոչ մի հեղափոխություն, ոչ մի արտառոց բան չկա այդ ծրագրում։ Իսկ նպատակներն էլ հին են, ինչպես երկրագունդը։
Բայց նշում են նաեւ, որ արտառոցն այն մեծ ցանկությունն է, որ ունեն գործող վարչապետն ու նրա թիմը։ Եվ դա է հաջողության գրավականը։ Թեեւ, անկեղծ ասած, դժվար է հավատալ, որ նախորդները նման ցանկություններ չեն ունեցել»։
