Կասպրշիկը՝ ղարաբաղյան հակամարտության լուծման մասին
Տարբեր երկրների բարձրաստիճան քաղաքական առաջնորդներն աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, որը զբաղվում է ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ։ Այս մասին Azernews –ին տված էքսկլյուզիվ հարցազրույցում ասել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, փոխանցում է day.az-ը։ Նրա խոսքով, ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահները մշտապես տեղեկացված են ղարաբաղյան հակամարտության շուրջ իրադարձությունների զարգացման բոլոր մանրամասներին ու ամեն օր զբաղվում են այդ հարցով։ «ԵԱՀԿ նախագահությունը մշտապես ուշադրություն է հատկացնում հակամարտությանը, նաեւ տեղյակ է լինում հակամարտության շուրջ իրադարձությունների զարգացման մասին։ ԵԱՀԿ գործող նախագահ, նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը այցելել է տարածաշրջան, եւ նրա այցի օրակարգում եղել է նախեւառաջ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը»,- ասել է Կասպրիշիկը։ Ղարաբաղյան հակամարտության լուծումը, շարունակել է Կասպրիշիկը, քննարկման առարկա է նաեւ բազմաթիվ միջազգային միջոցառումների ժամանակ։ Հիմք ընդունելով ԵԱՀԿ-ից ստացված տեղեկությունը ՝ Կասպրշիկն ասաց, որ 2016-ի մայիսի վերջից ադրբեջանական ու հայկական զորքերի շփման գծում իրավիճակը համեմատաբար կայուն է եղել, չնայած առաջվա պես հայտնել են հրադադարի ռեժիմի խախտման ու կորուստների մասին։ «Յուրաքանչյուր դժբախտ պատահար ողբերգություն է ու վիշտ մահացածի ընտանիքի ու ընկերների համար։ Ես կիսում եմ այդ վիշտը»,- ասել է Կասպրշիկը։ «Կուզեի շեշտել, որ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում անցկացվող մշտադիտարկումները ինչ-որ հետազոտություն կամ խաղաղաստեղծ գործողություն չեն, մշտադիտարկումները ընդամենը տեղեկություն են հաղորդում ընդհանուր իրադրության մասին։ Մենք կշարունակենք դրանք»,- ասել է Կասպրշիկը։ Նրա խոսքով այդ մշտադիտարկումները պատկերացում են տալիս տեղում իրավիճակի մասին։
