«Ջունգլիների օրենքն է գործում». փորձագետ
Անձնական տվյալների պաշտպանության ոլորտում լուրջ խնդիրներ կան, որոնց մասին անիրազեկվածությունը խոցելի է դարձնում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու: Սկսած սոցիալական ցանցերում տարվող նամակագրությունից ու նկարների հրապարակումից, մինչև պայմանագրերի կնքման ժամանակ տրամադրվող տեղեկատվություն, անձն ապահովագրված չէ անձնական տվյալների արտահոսքից, եթե անձը չի հետևում իր տվյալների պաշտպանությանը: Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ղեկավար Շուշան Դոյդոյանի խոսքով՝ մեկ բառով իրավիճակը կարելի է նկարագրել որպես բարձիթողի: «Ունենք Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենք, ունենք մեկ տարվա կիրառման պրակտիկա, բայց մեծ խնդիրներ են առաջ գալիս անտեղյակության պատճառով: Անձնական տվյալներ մշակողներն արդյոք մտահոգվո՞ւմ են, թե ինչպես են մշակվում և պահպանվում մարդկանց տվյալները պետական ու մասնավոր հատվածներում: Մյուս կողմից, մարդկանց մտահոգո՞ւմ է, թե իրենց տվյալները ում են վստահում: Այստեղ մեծ խնդիրներ կան»,- նշեց Դոյդոյանը: Նա ներկայացրեց մի վիճակագրություն, որի համաձայն՝ Հայաստանում հանրության 62 տոկոսին չի հուզում, որ երբ իրենց անձնական տվյալները վստահում են այս կամ այն մասնավոր ընկերությանը կամ պետական մարմնին, հետագայում ինչպես և ինչ նպատակի համար է օգտագործվելու այդ տեղեկատվությունը: «Այսինքն մարդիկ անտարբեր են իրենց տվյալների պաշտպանության առումով»,- նկատեց բանախոսը: Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ ամենամեծ խնդիրն այն է, որ հանրությունը չի զգում, որ այստեղ խնդիր կա. «Ինչքան էլ ուզում ես օրենք ունեցիր, եթե մարդիկ չեն տեսնում, որ կա պրոբլեմ, ապա չեն արձագանքում»: Փորձագետը նշեց, որ խնդիրն արդիական կմնա այնքան ժամանակ, քանի դեռ չկա հանրային կրթական մեթոդ, թե ինչպես օգտվել սոցցանցերից: Իսկ մյուս կողմից էլ, Հայաստանում դեռ չի ձևավորվել կիբեռանվտանգության մարմին, որն իրազեկում կիրականացներ. «Այս ոլորտում դեռ ջունգլիների օրենքն է գործում՝ ով ինչպես կարողանում, փրկվում է»:
