Որտեղ կհայտնվի Սուրիկ Խաչատրյանը
ՀՀԿ խմբակցության սյունեցի պատգամավոր Արմեն Կարապետյանը վստահ է՝ Սյունիքի նախկին մարզպետի փոփոխությունը կապ չունի նոր կառավարության ձևավորման հետ։ «Սուրիկ Խաչատրյանը առողջական խնդիրների պատճառով է հրաժարական տվել, և կառավարությունն ընդունել է այդ հրաժարականը: Այստեղ միտում չեմ նկատում, եթե ձևավորել է նոր թիմ կառավարությունում, դա չի նշանակում, թե պետք է վերացնել անցյալը: Կարծում եմ, որ նոր կառավարությունը շարունակում է նախկին կառավարության ծրագրերը, իհարկե, փոփոխության ենթարկված ծրագրով: Բայց այն քաղաքականությունը, որը որոշել է իշխող Հանրապետական կուսակցությունը, շարունակվում է նորանշանակ մարզպետի կողմից», - լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը: Վերջինս ընդգծեց, որ այս պահին դեռ շուտ է գնահատականներ տալ նորանշանակ մարզպետին, քանի որ վերջինս նոր է իր պաշտոնում, իսկ գնահատական տալու համար նախ նրա աշխատանքը տեսնել է պետք։ «Շատ քիչ ժամանակ է, ինչ պաշտոնավարում է Վահե Հակոբյանը: Դրա համար սպասենք, գնահատականներ կլինեն», - ասաց նա: Դիտարկմանը, թե արդյոք հավանական չի համարում, որ Սուրիկ Խաչատրյանը նախկին փորձը կկիրառի և ժամանակ անց նորից կվերադառնա մարզպետի պաշտոնին, պատգամավորը նշեց, որ բոլոր պաշտոններն էլ ժամանակավոր բնույթ են կրում, իսկ Սուրիկ Խաչատրյանն այս պահին իրենց հետ նույն թիմում շարունակում է աշխատանքը։ Ի դեպ՝ նա բացառեց, որ Սուրիկ խաչատրյանը կհայտնվի ընդդիմադիր դաշտում:
