«Բրախած» վիճակ է. SOS
Հայաստան են մտնում կեղծ դեղեր, այս ոլորտում «բրախած» վիճակ է. դուք պետք է SOS բարձրացնեք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ԱԺ արտահերթ նիստում «2015թ. դեկտեմբերի երկուսին Մոսկվայում ստորագրված ՀՀ՝ «ԵՏՄ շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների ու կանոնների մասին» 2014թ. դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրության քննարկման ժամանակ նշել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նրա խոսքով, աշխարհում ամենամեծ մաֆիան զենքի, անտիկվարիատի եւ դեղերի վաճառքն է. «Մեր երկրում արտադրված դեղերի վրա չի գրվում Made in Armenia, այլ գրվում է Made in Germany, Ռումինիա: Մաֆիան այստեղ է: Այստեղի ցավազրկող դեղրի մեծ մասը ցավազրկող չի: Բժիշկներն իրենք են ասում՝ աշխատեք էստեղի դեղերից չօգտվել, ուրիշ երկրներից բերեք դեղեր: Ամեն անգամ Վրաստանից իմ ընկերների ու հարեւանների համար մեծ քանակությամբ դեղեր եմ բերում: Օրինակ՝ «Կլավիկս» եմ բերում, որը երեք անգամ ավելի էժան է: Եվ գինն է հարմար, եւ որակի մասով ես երաշխավորված: Դեղերի ներմուծումը համապատասխան կոնտրոլ չի անցնում: Դուք ասում եք դրսի կեղծ դեղեր են մտնում Հայաստան, բա ո՞վ է ստուգելու, որ չմտնեն դեղատուն: Հազար կներեք բառիս համար՝ բրախած վիճակ է այս համակարգում»,-ասաց նա: Արամ Մանուկյանը հարց բարձրացրեց, թե արդյոք այս համաձայնագրին միանալով չենք հասնի նրան, որ հիմա էլ Հայաստանում կեղծ դեղեր արտադրեն ու թունավորեն արձանագրությանը միացած մյուս երկրների բնակիչներին: Ի պատասխան Սերգեյ Խաչատրյանը վստահեցրեց, որ ՀՀ-ում կեղծ դեղեր չեն արտադրվում. «Մենք լուրջ ուսումնասիրություններ ենք արել այդ ուղղությամբ: Ավելին, թյուր կարծիք կա, որ Վրաստանում ձեռք բերվող դեղերը բարձր որակի են: Միջազգային փորձագետների քննարկումների ժամանակ պարզվել է, որ կեղծ դեղերի ամենամեծ քանակը Վրաստանում է: Այնտեղ շատ հեշտ գրանցման ու վերահսկողության համարյա բացակայության պայմաններում մեծ թվով կեղծ դեղեր կան: Իսկ մեր դեղերի մասով, այն դեղերը, որոնք ունեն իրենց սերտիֆիկատները, ներմուծման ժամանակ փորձաքննություն են անցել, բացառվում է, որ կեղծ լինեն»: Նրա խոսքով, Հայաստանում դեղերի ոլորտում վերահսկողությունն իրականացնում է Առողջապահական տեսչությանը, որը դեռ ձեւավորման փուլում է. «Այս պահին որեւէ դեղատանը ստուգում իրականացնելու իրավասություն չունենք, այդ ամենը կատարվում է մեզ դիմողների միջոցով: Այո, կեղծ դեղերը լրջագույն խնդիր են եւ ամեն ինչ արվում է դրանց դեմ պայքարելու ուղղությամբ»:
