Տարաձայնությունները կպայթեն
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Թուրքիայի հնարավոր դերի մասին հայտարարությունը միակողմանի է ընկալվել: Հոկտեմբերի 19-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Ընդգծելով, որ բանակցային գործընթացում Թուքիայի մասնակցությունն, իհարկե, անթույլատրելի է՝ Արման Նավասարդյանը հիշեցրեց, որ Թուրքիան չի կարող ներգրավվել նաեւ միջազգային իրավունքի տեսանկյունից, քանի որ Հայաստանը երբեք չի համաձայնվի: «Առավել եւս, որ Թուրքիան չի էլ թաքցնում, որ իր մոտեցումները բխում են Ադրբեջանի շահերից»,- նշեց Նավասարդյանը: Նրա կարծիքով՝ հայտարարության ենթատեքստն այն է, որ Թուրքիայի գործունեությունը կարող է խրախուսվել, բայց առանց Ադրբեջանի շահերը հաշվի առնելու, եւ դա Ալիեւի վրդովմունքն է առաջացնում: «Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ քողարկված մեծ տարաձայնություններ կան: Պետք է դա խաղարկել»,- նշեց Նավասարդյանը:
