Ընդդիմությունը 1 գիշերվա մեջ ամուսնանում է և ասում՝ «գյադեք, էս յան, գյադեք, էն յան»
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ,ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ դիմեց ընդդիմադիրներին, որոնք բողոքում են ՏԻՄ ընտրություններից. «Պարզ թվաբանություն է, Միքայել Մելքումյանին ուղարկեք, այդ բանաձեւը մի փոքր ուսումնասիրի: Սամվել Բալասանյանը մեղավո՞ր է, որ բոնուսների հաշվին ինքը 18 ձայն է հավաքել,այստեղի մթնոլորտը մի ուղարկեք Գյումրի, թողեք իրենց աշխատանքը կարգավորեն: Վանաձորի հետ կապված՝ ձեր ավագանու ցուցակները գնացեք եւ ուշադիր նայեք՝ քանի՞ քաղաքական մարդ կա, որ գաղափարական մոտեցումներից եք խոսում: Ձեր ցուցակներում մի ընտանիքից 3 տարբեր մարդիկ տարբեր ցուցակներում են: Շատ ամուր ընտանիքներ են, նրանց խոսքը մեկ է: Սկսեք այստեղից: 3-4 ուժեր հայտարարում են, որ իրենք դեմ են քվեարկելու, քվեատուփերը բացելուց հետո՝ 98 ձայն կողմ է լինում, 107 ձայն, բայց ՀՀԿ խմբակցությունը 70 մարդ է: Այդ խախտումները այստեղ են կատարվում, ոչ թե վանաձորցիներին գնաք ասեք՝ էս ի՞նչ խախտումներ արեցիք: Դուք մեկ օրվա, մեկ ժամվա քաղաքական ամուսնությունով չեք կարող հանրությանը խաբել, ժողովրդին մոլորության մեջ գցել: Խնդրում եմ քաղաքական աղտոտված ձեռքերը հեռու պահել լոռեցիներից:Մեկ գիշերվա ընթացքում 3-4 հոգի հուշագիր են ստորագրում եւ Երեւանից գնում են Վանաձոր ու ասում՝ «գյադեք, էս յան, գյադեք, էն յան»:Չեք կարող լոռեցիներին այսպես պարտադրել: Ասում եք՝ նրանք դավաճանում են մեր քաղաքական մոտեցումներին: Նրանք դավաճաններ չեն, չեք կարող նրանց թելադրել: Այլ խնդիր է, եթե ձեր ցուցակները ճիշտ կարողանայիք կազմել: Մի գիշերվա մեջ եկել ասում են՝ եկեք ամուսնանանք իրար հետ ու էս տղերքին խաբենք: Նրանք չեն խաբվում, քաղաքական մարդիկ չեն:Մեր աճեցրած մարդկանց հաշվին այդ ձայները դուք ունեցաք»:
