Կառավարության ծրագիրը հայտնի է
Ավարտվեց ՀՀԿ խորհրդի նիստը, որի օրակարգում եղել է մեկ հարց՝ կառավարության ծրագրի քննարկումը: Խորհրդի նիստին նախորդել է ՀՀԿ ԳՄ նիստը, վարչապետ Կարեն Կարապետյանը ԳՄ և խորհրդի անդամներին ներկայացրել է կառավարության ծրագրի նախնական տարբերակը:Այս մասին նիստերից հետո հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:«Եղան տասնյակից ավելի հարցեր, մենք դեռևս ունենք մեկ-երկու օր ժամանակ, որպեսզի քննարկենք և ունենանք կառավարության ծրագրի վերջնական տարբերակը: Բայց հիմնականում պետք է նշեմ, որ ծրագիրը բխում է ՀՀ նախագահի ծրագրային հիմադրույթներից, նախագահ Սերժ Սարգսյանի՝ փետրվարի 12-ի ծրագրային հիմնադրույթներից, որտեղ,հաշվի առնելով սահմանադրական բարեփոխումները և նոր իրականությունը՝ պարոն նախագահը մատնանշում է երկրում բարեփոխումների իրականացումը հանրային բոլոր ոլորտներում: Եվ, բնականաբար, Կարապետյանի կառավարության ծրագիրը պետք է ունենար ազդակներ, որոնք բխում են նախագահի ծրագրային դրույթից»,- ասաց Շարմազանովը:Նրա խոսքով՝ կառավարության ծրագրում կան առաջնահերթություններ, որոնցից առաջինն այն է, որ այսօր մեր հանրային կյանքի բոլոր ոլորտները կարիք ունեն համակարգային բարեփոխումների: Ինչպես նախկինում, այս ծրագրում ևս, ըստ Շարմազանովի, լուրջ տեղ է հատկացվում ՀՀ ներքին և արտաքին անվտանգությանը:Այստեղ կարևորվել է անվտանգության համակարգի ամրապնդումը, մարտահրավերներին դիմակայումը:Ինչ վերաբերում է ԼՂ հիմնախնդրին, ապա Շարմազանովն ասաց, որ այս հարցում կառավարության ու իշխող քաղաքական դիրքորոշումը մնում է նույնը՝ պետք է քայլեր ձեռնարկվեն բանակցությունների միջոցով և Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով հասնելու խնդրի խաղաղ կարգավորմանը, և ՀՀ նպատակն է Արցախի միջազգային ճանաչումը:
