«Համապատասխան ժամկետ է պետք, որ պատրաստվի: Ես ժամանակին ևս այդ մասին ասել եմ՝ գործարաններ է կառուցում հրթիռներ արտադրելու, արկեր արտադրելու, իրենց երկաթուղու խնդիրն են լուծում: Ադրբեջանը գնում է պատերազմի՝ լայնամասշտաբ ու երկարատև, պարզապես մենք չենք ուզում դա ճիշտ վերլուծել», – «Ազատությանը» տված հարցազրույցում այսօր հայտարարեց Սամվել Բաբայանը: – «Խնդիրն այն է, որ երբ նա գործարան է դնում, որ արկեր արտադրի կամ հրթիռներ արտադրի, դա խոսում է այն մասին, որ նա չի վստահում իր գործընկերներին, որոնք մատակարարում են, մտածելով, որ կարող է ինչ-որ մի փուլում իրենց չմատակարարեն: Եվ ինքը փորձում է, զենք գնելով՝ հրթիռային, արկային և այլ արտադրանքը, ինչը հետագայում պիտի մատակարարվի, իր մոտ արտադրի», – հավելեց նա։
ԼՂ պաշտպանության նախկին նախարարը ընդգծեց՝ Ադրբեջանը այն երկիրը չէ, որ զենք արտադրի «աշխարհով մեկ առևտուր անելու համար»: – «Այսինքն, երբ նա նման քայլերով առաջ է գնում, նշանակում է՝ պատրաստվում է երկարատև պատերազմի: Սա իմ կարծիքն է», – ասաց Սամվել Բաբայանը:
«Ճիշտ չեմ համարում Սեյրան Օհանյանի փոփոխությունը»
Պատասխանելով «Ազատության» հարցին՝ ինչպե՞ս է գնահատում պաշտպանության նախարարի փոփոխությունը, ինչո՞ւ Սերժ Սարգսյանը որոշեց հրաժարվել Սեյրան Օհանյանից, ԼՂ պաշտպանության նախկին նախարարը պատասխանեց․ – «Կոնկրետ չեմ կարող ասել ինչու հրաժարվեց, նման պատասխան չունեմ, տեղեկություն էլ չունեմ: Ես ճիշտ չեմ համարել Սեյրան Օհանյանի փոփոխությունը այս փուլում: Ես գտնում եմ, որ եղած ռազմական թիմի մեջ ավելի գրագետ․․․ ավելի շատ իրեն եմ ընդունել, քան մնացածին: Կապ չունի՝ անձնական հարաբերություն, կամ ինչ»:
Հարցին՝ արդյո՞ք Օհանյանի պաշտոնանկությունը կապ ունի ապրիլյան քառօրյա պատերազմի և այդ առիթով բանակի հասցեին հնչած քննադատության հետ, Սամվել Բաբայանը պատասխանեց․ – «Չեմ գտնում: Եթե նման կապ լիներ, հենց սկզբից էլ կփոխեր՝ այն երեք գեներալի հետ: Կարող է՝ ներքին, ռազմավարական, տակտիկական բան է փոխվում իր կառավարման մեջ՝ ավելի շատ նախագահն ինքն է զբաղվելու այդ գործով»:
Անդրադառնալով ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Վիգեն Սարգսյանի նշանակմանը պաշտպանության նախարարի պաշտոնում և իշխանությունների պնդումներին, թե քաղաքակիրթ աշխարհում ընդունված է քաղաքացիական անձի նշանակել պաշտպանության նախարար և Հայաստանում մենք նույնպես պետք է այդ ճանապարհով գնանք, Սամվել Բաբայանը նշեց․ – «Առաջինը՝ ես Վիգեն Սարգսյանին չեմ ճանաչում, չեմ կարող իր մասին կարծիք ասել: Ինչ մնում է քաղաքացիական պաշտոնին՝ այսօր Հայաստանը պատերազմական վիճակում է: Դա կարող են իրենց թույլ տալ, ասենք՝ Ֆրանսիան, Գերմանիան, եվրոպական երկրները, բայց Հայաստանը՝ չեմ գտնում, որ այսօր ճիշտ պահն էր քաղաքացիականի նշանակելու»: