«Շփոթել են. իրար տեղ են ստորագրել». Էդմոն Մարուքյան
Խորհրդարանականները շարունակում են քննարկել ԸՕ-ն, որի հիմնական զեկուցողն է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ում էլ հարցեր տվեց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա ընտրախախտումների մասին կեղծ դիմումների համար նախատեսված քրեական պատասխանատվությունը կոշտ մեխանիզմ որակեց: Մարուքյանը գտնում է, որ այս դրույթը միտված է նրան, որ մարդիկ իրենց ունեցած ահազանգերը չներկայացնեն: «Դեպքեր են եղել, որ ընտրողը գալիս է տեղամաս, իր անվան դիմաց դրված ստորագրություն է հայտնաբերում, հետո քննարկումների ընթացքում ասում են՝ մեկը շփոթվել է, ինքը քո տեղն է ստորագրել, դու էլ էստեղ ստորագրի և նման իրավիճակներ: Հիմա դուրս է գալիս այս հոդվածից, որ նման դեպք լինի, հայտարարի, հետո պարզվի շփոթված է, այս մարդուն կարող են դատել: Այս հոդվածը հետ է մղելու դիտորդներին, վստահված անձանց հայտարարություն տալու համար»,- ասաց Մարուքյանը: Ի պատասխան պատգամավորի՝ Դավիթ Հարությունյանը նշեց, որ եթե միայն իրավապահ համակարգին վերաբերվեր, խնդրի չէր լինի: «Բայց մենք խոսում ենք ընտրական վեճերին լուծումներ տալու մասին, այս տեսանկյունից իսկապես մեծ պատասխանատվություն է անհրաժեշտ: Կոնկրետ ձեր բերած օրինակի դեպքում քրեական պատասխանատվության հարց չկա»,- պատասխանեց նա՝ հավելելով, որ եթե կա հաջող ձևակերպում, պատրաստ են քննարկել:
