«Ազգային պատկանելիությունը կարևոր չէ». Շարմազանով
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կոչ է անում չմտահոգվել, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի երևանյան նիստի օրակարգից գլխավոր քարտուղար նշանակելու մասին հարցը դուրս է բերվել: «Որպես ՀԱՊԿ-ում խնդիրներին քաջատեղյակ անձնավորություն՝ ուզում եմ ևս մեկ անգամ վերահաստատել, որ կարիք չկա գերագնահատել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի ազգային պատկանելիությունը։ Ով էլ, որ լինի այս պաշտոնում, ոչ թե պետք է սպասարկի առանձին պետության շահեր, այլ բացառապես ՀԱՊԿ-ի կոլեգիալ շահերը», - ասաց նա։ Դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ այդ պաշտոնում հայ ներկայացուցիչ չնշանակվի, Է.Շարմազանովն ասաց. «Որոշողը նախագահներն են լինելու։ Եթե որոշվի, որ այբբենական կարգով են նշանակելու, բնականաբար հայ ներկայացուցիչ կլինի, որովհետև ցուցակում առաջինը մենք ենք»։
