«Թուրքիան անելիք չունի Ղարաբաղի գործընթացում մի շարք պատճառներով». Շարմազանով
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում կոշտ արձագանք տվեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Թուրքիան կարող է դրական դեր խաղալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:Նա նշեց, որ նախ ցանկանում է ևս մեկ անգամ վերահաստատել հայկական կողմի դիրքորոշումը՝ Թուրքիան անելիք չունի Ղարաբաղյան կարգավորման գործընթացում մի շարք պատճառներով: Թուրքիան համանախագահ երկիր չէ, համանախագահը կարող է փոխվել միայն ու միայն կոնսենսուսով, իսկ հայկական կողմը դրան դեմ է:«Ինչո՞ւ ենք դեմ, որովհետև այս տարիների ընթացքում Թուրքիան ունեցել է միակողմանի, ադրբեջանամետ դիրքորոշում, երբեմն նաև հանցագործ դիրքորոշում: Պարոն Լավրովին հիշեցնեմ իր իսկ հնչեցրած միտքը, որը պարոն Լավրովը ապրիլի 22-ին Երևանում ասել էր, որ քառօրյա պատերազմի ժամանակ Թուրքիայի գործելաոճը ոչ թե խաղաղության, այլ պատերազմի կոչ էր: Եվ նա ասել էր, որ Թուրքիայի նման գործելաոճը հստակորեն դեմ է խաղաղ կարգավորման գործընթացին և Մինսկի խմբի համանախագահության պաշտոնական կարծիքին: Ավելին, պարոն Լավրոն ասաց՝ Թուրքիայի գործելաոճը դա խնդրի ոչ թե խաղաղ կարգավորման, այլ ռազմական կարգավորման կոչ էր: Մենք Լավրովի՝ ապրիլի 22-ի գնահատականի հետ լիովին համամիտ ենք»,- ասաց Շարմազանովը:Նա նշեց, որ այս տարիներին, նաև ապրիլյան պատերազմում Թուրքիան ցուցաբերել է բացառապես հանցագործ, ադրբեջանամետ, պատերազմ հրահրելու դիրքորոշում և անելիք չունի Ղարաբաղյան կարգավորման գործընթացում:«Մեր նպատակը, հուսով եմ նաև համանախագահ երկրների նպատակը մեկն է՝ փոխզիջումների արդյունքում հասնել խաղաղ կարգավորման, ոչ թե ռազմական լուծման»,- հավելեց նա:
