«Եթե Թուրքիան դադարի աջակցել Ադրբեջանին, Ղարաբաղի հարցում իրադրությունը կփոխվի».Ա. Կռիլով
Հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ կողմերը հաստատել են իրենց սկզբունքային դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու մասին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մոսկվայում գործող Կովկասագետների գիտական միության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը: Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը չի կարծում, որ ներկա իրավիճակում Թուրքիան կարող է լիարժեք մասնակից դառնալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։ «Եթե Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը, եթե նա դադարի աջակցել Ադրբեջանին, ապա Ղարաբաղի հարցում իրադրությունը կարող է գնալ նորմալացման։ Ոչ ոք չի ասում, որ Թուրքիան պետք է ընդգրկվի Մինսկի խմբի կազմում, կամ պետք է մասնակիցը դառնա բանակցային գործընթացին»։ «Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, կողմերը կրկին հաստատել են իրենց սկզբունքային դիրքորոշումը, որ այն հնարավոր է լուծել միայն խաղաղ ճանապարհով, ավելի շատ ուղղված է այն կողմին, որը նախաձեռնում է ռազմական գործողությունների վերսկսումը: Նման դեպքում, մենք կարող ենք ասել, որ դա համարվում է որպես աջակցություն Հայաստանին», - ասաց նա:
