1991 թ. հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության նախագահի առաջին ընտրությունը

Հայաստանի Հանրապետության Նախագահի մասին օրենքին համապատասխան՝ 1991 թ. օգոստոսի 17-ից սկսվեց թեկնածուների առաջադրումը: Հայոց համազգային շարժման արտահերթ (երրորդ) համագումարը օգոստոսի 27-ին հանրապետության նախագահի թեկնածու առաջադրեց ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Լ. Տեր-Պետրոսյանի թեկնածությունն առաջադրեց նաեւ Հայաստանի ռամկավար-ազատական կուսակցությունը՝ սեպտեմբերի 9-ին կայացած հանրապետական վարչության իր արտահերթ նիստում: Պաշտպանելով Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը՝ ՌԱԿ կենտրոնական վարչությունը նրան բնորոշում էր իբրեւ «խիզախ անձնավորություն», «ռահվիրա Հայաստանի ժողովրդավարական շարժման եւ մանավանդ՝ նկատի ունենալով անոր խոհեմ ու վարչագետ քաղաքականությունը»: ՌԱԿ-ը համարում էր, որ վերջին մեկ տարվա բարդ իրադարձությունների մեջ «Լեւոն Տեր-Պետրոսյանը ցուցաբերեց հեռատես, խոհեմ  եւ իմաստուն քաղաքականություն մը՝ ամրապնդելով Հայաստանի ժողովրդի վստահությունը անոր նկատմամբ եւ բարձրացնելով անոր վարկը միջազգային քաղաքական շրջանակներուն մեջ»(«Ազգ», 18.09.1991): Չնայած նախագահական համակարգ հիմնելու նկատմամբ իրենց խիստ ժխտական վերաբերմունքին՝ այնուամենայնիվ, նախագահի պաշտոնի համար թեկնածուներ առաջադրեցին նաեւ ԱԺՄ-ն՝ Վազգեն Մանուկյանին, եւ ՀՅԴ-ն՝ դերասան Սոս Սարգսյանին: Ընդհանուր հաշվով՝ առաջադրվել էր 17 թեկնածու: Սակայն թեկնածության առաջադրման համար հավաքված ստորագրությունների անբավարար լինելու կամ սահմանված պահանջները չբավարարելու հիման վրա կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց վեցի գրանցումը, մի քանիսն էլ հանեցին իրենց թեկնածությունը: Գրանցված թեկնածուներն (իրենց փոխնախագահի թեկնածուներով) ութն էին. Աշոտ Նավասարդյան (փոխնախ. Հրանտ Խաչատրյան) Զորի Բալայան (փոխնախ. Հարություն Մարզպետյան) Լեւոն Տեր-Պետրոսյան (փոխնախ. Գագիկ Հարությունյան) Մյասնիկ Հակոբյան (փոխնախ. Հակոբ Առուստամյան) Պարույր Հայրիկյան (փոխնախ. Ազատ Արշակյան) Ռաֆայել Ղազարյան (փոխնախ. Սուրեն Զոլյան) Սոս Սարգսյան (փոխնախ. Վահան Հովհաննիսյան) Վազգեն Մանուկյան (փոխնախ. Դավիթ Վարդանյան) Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ինքը չի մասնակցի նախընտրական արշավին եւ կսահմանափակվի միայն մեկ հեռուստատեսային ելույթով: Այս քայլը նա պայմանավորում էր այն հանգամանքով, որ ավելի քան երեքուկես տարի իր գործունեությունը եղել է բոլորի աչքի առաջ, իսկ քաղաքական ծրագրերը բազմիցս հասարակությանը ներկայացնելու առիթներ է ունեցել: Վ. Մանուկյանը շուտով (սեպտեմբերի 25-ին) հանեց իր թեկնածությունը, միաժամանակ հրաժարվեց նաեւ Նախարարների խորհրդի նախագահի պաշտոնից: Ավելի ուշ նա խոստովանեց իր այդ որոշման երկու հիմնական պատճառները. առաջին՝ «հասկանալի էր, որ ժողովրդի համար Լեւոն Տեր-Պետրոսյանն ավելի գերադասելի էր», եւ երկրորդ՝ «իմ կողմնակիցների թիմը զգալիորեն կուժեղանար, եթե դաշնակցությունը... պաշտպաներ իմ թեկնածությունը։ Սակայն, դաշնակցությունն առաջադրեց Սոս Սարգսյանին» (Վ. Մանուկյան, 1996 թ. նախընտրական բրոշյուր, էջ 18-199)։ Այսինքն՝ Վ. Մանուկյանի հաշվարկները չէին արդարացել. բաժանվելով ՀՀՇ-ից ու անցնելով հայդատական գաղափարախոսական հիմքի վրա, դրան հավելելով նաեւ «համաշխարհային ազգի» եւ «ազգի պատմական առաքելության» գաղափարները՝ նա հույս ուներ, մի կողմից, հասարակության ազգային զգացումների ու սնապարծության վրա խաղալով՝ շահել նրա համակրանքը, մյուս կողմից՝ որպես Նախագահի թեկնածու ստանալ դաշնակցության պաշտպանությունը: Չստանալով ո՛չ մեկը, ո՛չ մյուսը՝ նրան այլ բան չէր մնում անել, քան հրաժարվել ընտրապայքարից։ ՀՀՇ-ի թեկնածուի դեմ նախընտրական պայքարի առաջամարտիկը  դաշնակցությունն էր։ Այս կուսակցության՝ Նախագահի թեկնածուի կատարած ընտրությունն, այնուամենայնիվ, մեկնաբանելու կարիք ունի: Եթե ճիշտ էր Սոս Սարգսյանի խոստովանությունը, որ գրեթե երկու տարի է, ինչ ՀՅԴ անդամ է, ուրեմն մինչ այդ նա, փաստորեն, այս կուսակցության չբացահայտված, ծպտված անդամ էր՝ սովորական տրամաբանության համար անհասկանալի մի երեւույթ: Նախագահական ընտրություններում կուսակցությունները սովորաբար որպես թեկնածու առաջադրում են իրենց առաջին դեմքին, մինչդեռ Սոս Սարգսյանը նույնիսկ կուսակցության որեւէ ղեկավար մարմնի անդամ չէր: Դաշնակցությունը այս թեկնածության վրա կանգ էր առել, հավանաբար, ոչ միայն այն պատճառով, որ ինքը, ինչպես միշտ, չուներ շատ թե քիչ արտահայտված քաղաքական անհատականություն, այլև, առաջին հերթին՝ նկատի ունենալով, որ նա հայտնի եւ սիրված դերասան է, ուստիեւ որպես այդպիսին կարող է ստանալ իր երկրպագուների ձայները: Այսինքն՝ հույս ունեին, որ հայաստանաբնակ ընտրողները պետք է որ շփոթեին դերասանին քաղաքական գործչի հետ: Յուրահատուկ ձեւով էր տանում իր նախընտրական քարոզչությունը Պարույր Հայրիկյանը: Նա համարում էր, որ ի սկզբանե Շարժումը, ապա եւ Հայաստանի իշխանությունները գնում են հենց իր նախանշած ճանապարհով, պարզապես միշտ իրենից մի քանի քայլ հետ են մնում, որ ի սկզբանե իրենն են ե՛ւ անկախության, ե՛ւ Սահմանադրության, ե՛ւ ազգային բանակի, ե՛ւ նմանօրինակ այլ գաղափարները: Իսկ ուրիշները դրանք իրենից գողանում եւ իրագործում են՝ խախտելով իր «հեղինակային իրավունքը»: Ինչպես ցույց տվեցին քվեարկության արդյունքները, Պ. Հայրիկյանն ավելի ճիշտ էր ընտրել իր մարտավարությունը. այդ պահին հայաստանյան հասարակության  ավելի մեծ մասն էր անպաշտպան քաղաքական աճպարարության եւ պճնամոլության, քան կեղծ-հայրենասիրական, կեղծ-ազգայնական կարգախոսների դեմ։ Ուստի եւ Հայրիկյանը կարողացավ երկու անգամ ավելի շատ ձայն հավաքել, քան պահանջատեր, «Ազատ, անկախ, միացյալ Հայաստան» խոստացող ՀՅԴ-ն՝ իր թեկնածուի՝ շատ սիրված դերասան լինելու հանգամանքով ու ներդրած հսկայական ֆինանսական միջոցներով հանդերձ: Նախընտրական քարոզարշավում նախագահի թեկնածուները հատկապես շատ էին շոշափվում Ղարաբաղի հարցը՝ իրենց եւ իրենց կազմակերպություններին մեծ դեր վերագրելով Ղարաբաղի ինքնապաշտպանության գործում: Դա չափազանց դյուրին էր եւ գայթակղիչ. Հայաստանի պաշտոնական քարոզչությունը, հասկանալի եւ հայտնի պատճառներով, ոչ միայն չէր թմբկահարում, այլեւ չէր ընդունում Լեռնային Ղարաբաղում իր իրական դերակատարումը։ Եւ վճռական այդ օժանդակությունը, որ Հայաստանում բոլորին հայտնի փաստ էր, մնում էր «անտեր», ուստիեւ այն կարելի էր հանգիստ յուրացնել։ Այն յուրացնողների հայտարարությունները հափշտակվածության մեջ երբեմն կրում էին բացահայտ սադրիչ բնույթ: Հանրապետության օպերատիվ շտաբը ստիպված էր հանդես գալ այս մասին հայտարարությամբ եւ զգուշացնել, որ նրանց այդօրինակ գործողությունները հղի են ծայրահեղ բացասական հետեւանքներով եւ կարող են լրացուցիչ դժվարություններ ստեղծել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործում[1]: Ինչպես անկախության հանրաքվեի նախօրյակին, այնպես էլ այժմ, նույն քաղաքական ուժերը՝ ի դեմս նախագահության առաջադրված թեկնածուների, կրկին փորձեցին օգտագործել Ղարաբաղի բնակչության մասնակցությունը: Նրանք հայտարարությամբ դիմեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ ընտրություններին մասնակից դարձնել նաեւ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Հանրապետության նախագահի թեկնածուներից որեւէ մեկը չնկատեց, որ այդ հայտարարությունը վիրավորական էր իր անկախությունը հռչակած ԼՂՀ-ի համար, իսկ վերջինս էլ նրբանկատորեն որեւէ կերպ սրան չարձագանքեց: Լեւոն Տեր-Պետրոսյանը նախընտրական միակ հեռուստաելույթով եւս մի անգամ հասարակությանը ներկայացրեց իր քաղաքական սկզբունքները, պետականության հիմնադրույթների եւ քաղաքական հասկացությունների մասին իր պատկերացումները. ա) քաղաքականության մեջ մերժելի է բարոյախոսությունը. «միայն ու միայն գործով, իրական կյանքով է, որ կարող ես ժողովրդին համոզել քո ճշմարտությունը». բ) ազգի գերագույն նպատակը երջանիկ, բարեկեցիկ, ազատ ազգ դառնալն է, ինչի համար պետք է ազատվել պատմականորեն ձեւավորված կաղապարներից ու բարդույթներից, մերժել ամեն տեսակ «փրկչական» ծրագրերը, գործել նույն այդ նպատակին հասնելու համար միջազգայնորեն ընդունված ու կիրառելի խաղի կանոններով. գ) գերագույն նպատակին հասնել հնարավոր է միայն անկախ պետականության պայմաններում, դրա համար էլ ժողովուրդը որդեգրել է անկախ պետականության կերտման քաղաքականությունը եւ պատրաստ է այդ ճանապարհին կրել նաեւ անխուսափելի ու հնարավոր զրկանքներ. դ) քաղաքագետի պարտքն է անել ամեն ինչ՝ նվազագույնի հասցնելու համար պետականության կերտման ճանապարհին սպասվող զրկանքները եւ խաղաղ հանգրվանին հասնել խաղաղ, հանդարտ, հավասարակշիռ միջոցներով. ե) որպես ելակետ պետք է ունենալ իրականությունը. միայն այս դեպքում է հնարավոր վարել քաղաքականություն, որովհետեւ՝ «կեղծ արժեքների վրա հենված քաղաքականությունը միշտ էլ կարող է սնանկ դուրս գալ, եթե ոչ վտանգավոր». զ) մենք սովորական ազգ ենք, իրական ժողովուրդ, որը գտնվում է իրական շրջապատում, եւ պետք է կարողանանք իրատեսական հարաբերություններ ունենալ արտաքին աշխարհի, առաջին հերթին՝ մեր անմիջական հարեւանների հետ։ Առաջին նախագահական ընտրություններն ըստ էության երկրորդ մի հանրաքվե էին, որտեղ ժողովուրդը պետք է ընտրություն կատարեր հայ քաղաքական մտքի ավանդական՝ իռացիոնալ պատկերացումների ու դրանց տրամագծորեն հակադրվող իրատես քաղաքականության, նոր արժեքային համակարգի մեջ։ Նախագահական ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ հայ քաղաքական մտքի ավանդական պատկերացումներին տրամագծորեն հակադրվող նոր գաղափարներն ամենալայն պաշտպանությունն ստացան Հայաստանի քաղաքացիների կողմից։ Հոկտեմբերի 16-ին ընտրողների 2.155.698 ընդհանուր թվից քվեարկության մասնակիցների թիվը կազմեց 1.519.878։ Եւ արձանագրվեցին հետեւյալ արդյունքները. 1. Լեւոն Տեր-Պետրոսյան 1.260.433 (83,028%) 2. Պարույր Հայրիկյան 109.438 (7,209%) 3. Սոս Սարգսյան 65.757 (4,332%) 4. Զորի Բալայան 6899 (0,454%) 5. Ռաֆայել Ղազարյան 5941 (0,391%) 6. Աշոտ Նավասարդյան 2467 (0,163%) Ընտրությունն անցել էր բացարձակ անբասիր։ Չնայած արդեն իսկ անցած մեկ տարվա ընթացքում ի հայտ եկած օբյեկտիվ, բայց էական դժվարություններին ու դրա հետեւանքով մարդկանց կենսամակարդակի անկմանը, չնայած տարբեր դիրքերից ընդդիմության զանգվածային ու հախուռն քննադատությանը եւ մեղադրանքներին, ժողովուրդն ինչպես Անկախության հանրաքվեի, այնպես էլ նախագահական ընտրության միջոցով իր անվերապահ վստահությունն էր հայտնում Հայոց համազգային շարժման եւ նրա ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ուղեգծին: Պետականության ստեղծման ու կայացման այս երկու կարեւորագույն ակտերով Հայաստանի ժողովրդավարական իշխանությունը ստացավ համաժողովրդական վստահության այն անհրաժեշտ չափաբաժինը, ինչը շրջափակման, էներգետիկ ճգնաժամի, պատերազմի, սոցիալ-տնտեսական իրավիճակի անխուսափելի վատթարացման հաջորդ տարիները պատվով հաղթահարելու եւ հաղթանակով դուրս գալու կարեւորագույն ռեսուրսն էր: Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելու պաշտոնական արարողությունը Գերագույն խորհրդի հատուկ նիստում նշանակված էր նոյեմբերի 11-ին: Հանրապետության առաջին Նախագահն իր պաշտոնն ստանձնեց՝ երդվելով 7-րդ դարի ձեռագիր ավետարանի («Վեհամոր Ավետարան») վրա: ilur.am

դիտվել է 231 անգամ
Լրահոս
Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am