ԼՀԿ-ն բոյկոտելու է Վանաձորի քաղաքապետի երդման արարողությունը
Այսօր ժամը 11.00-ին կայանալու է Վանաձորի նորընտիր քաղաքապետ ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանի երդման արարողությունը: Ինչպես տեղեկանում ենք ԼՀԿ-ի Վանաձորի քաղաքապետի թեկնածու Քրիստ Մարուքյանի ֆեյսբուքյան էջից՝ ԼՀ-ն բոյկոտելու է երդման արարողությունը: «Օրենքի մեծն ջատագովներին եւ Վանաձորի հասարակությանը ցանկանում եմ տեղեկացնել, որ նման «արարողություն» սահմանված չէ որեւէ օրենքով, հետևաբար՝ հայտարարված միջոցառումն անօրինական է։ Ըստ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի երկրորդ պարբերության՝ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:» Ավագանու անդամների համար երդման արարողություն կարող էր նախատեսված լինել Ավագանու Կանոնակարգի մեջ, եթե նորընտիր ավագանիների կողմից հաստատված լիներ նման փաստաթուղթ, սակայն, ինչպես հասկացաք, Վանաձորի ավագանու առաջին խայտառակ նիստում որևէ կանոնակարգ չի հաստատվել։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ սույնով տեղեկացնում եմ, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու այդ ապօրինի միջոցառմանը։
