«Էս ովքե՞ր էին, էկան կրակեցին ու գնացին…». Նոր Արեշում օրը ցերեկով 10-ից ավելի կրակոցով սպանել են 57-ամյա տղամարդու
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է Գագիկ Ղանդիլյանի գործի դատական քննությունը: 39-ամյա Գագիկ Ղանդիլյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության և ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու, գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով: Ըստ մեղադրանքի՝ Գագիկ Ղանդիլյանը ապօրինի կերպով ձեռք է բերել ու պահել հրազեն հանդիսացող «ԱԿ» տեսակի ինքնաձիգ՝ փամփուշտներով հանդերձ: 2015 թվականի հուլիսի 6-ին, ժամը 13-ի սահմաններում Գագիկ Ղանդիլյանը «Նիսան» մեքենայով անցել է Երևան քաղաքի Նոր Արեշի 28 փողոցով, տեսել է իր տան դիմաց նստած Վաղարշակ Ասոյանին: Մեղադրական եզրակացության ուշագրավ ձևակերպմամբ՝ Գագիկ Ղանդիլյանը, իր տան շեմին նստած Ասոյանին տեսնելով, հանկարծ վերհիշել է, որ… 5 տարի առաջ` 2010 թվականին, ինչ-որ մի հեռախոսազրույցի ժամանակ Ասոյանն իր հետ խոսել է հայհոյանքով: Հիշելուն պես՝ Ղանդիլյանի մոտ արթնացել է Ասոյանին կյանքից անհապաղ զրկելու ցանկություն: Նա մեքենան վարել-հասել է Էրեբունի փողոցում գտնվող իր շենքին, մտել է բնակարան, վերցրել է լիցքավորված ինքնաձիգը, նորից նույն դիտավորությամբ նստել է նույն «Նիսան» մեքենան, դարձյալ գնացել է Նոր Արեշի 28 փողոց: Մեքենան կանգնեցրել է ճանապարհի երթևեկելի մասում՝ հենց Ասոյանի տան մոտ, լիցքավորված ինքնաձիգը ձեռքին իջել է մեքենայից, ինքնաձիգը պահել է տան շեմին նստած, ոչինչ չկասկածող Ասոյանի ուղղությամբ ու կրակել է: Ստացած վնասվածքներից Վաղարշակ Ասոյանը մահացել է: Իսկ Գագիկ Ղանդիլյանը նստել է մեքենա ու հեռացել է: Նույն օրը նրան առել են արգելանքի տակ: Առաջադրված մեղադրանքում Գագիկ Ղանդիլյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Գործով վկաներից մեկը հենց սպանվածի անչափահաս թոռն է: Երեխան կրակոցները լսել, վազել-մոտեցել է մահացու վիրավոր պապիկին ու, ըստ հարազատների, լսել է տուժողի վերջին՝ զարմացած խոսքերը. «Էս ովքե՞ր էին, էկան կրակեցին ու գնացին»: Ըստ գործի տվյալների՝ ինքնաձիգի կրակոցները արձակվել են, ու մարդն իր տան շեմին սպանվել է օրը ցերեկով, հենց փողոցում՝ Նոր Արեշի 28-րդ փողոցում, որտեղ բնակելի տներ կան, մարդիկ են ելումուտ անում: Փողոցում թափված են եղել կրակված պարկուճները՝ 10 հատ պարկուճ առգրավվել ու իրեղեն ապացույց է ճանաչվել: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը անհամաձայնություն է ունեցել արարքի որակման առումով՝ կատարվածը համարելով ոչ թե պարզապես դիտավորյալ սպանություն, այլ սպանություն՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կամ առնվազն՝ խուլիգանական դրդումներով… Փաստաբանն իր անհամաձայնությունը հայտնել է ինչպես գործի նախաքննության ավարտին՝ նախաքննական մարմնին, այնպես էլ դատարան է դիմել միջնորդությամբ, որ գործով արարքին սխալ քրեաիրավական գնահատական տալու պատճառաբանությամբ նախագահողը գործը վերադարձնի մեղադրողին: Գործով տուժող կողմը ներկայացրել է քաղհայցի պահանջ՝ 2 միլիոն 500 հազար դրամի չափով: Ամբաստանյալն իր կենսագրական տվյալները ներկայացնելով՝ ասել է, թե նախկինում դատված չի եղել, ունի թերի բարձրագույն կրթություն՝ չի ավարտել պոլիտեխնիկի քիմիայի ֆակուլտետը: Իր խնամքին ամբաստանյալն ունի երեք անչափահաս երեխաներ՝ 12, 11 և 7 տարեկան: Ամբաստանյալն ասել է, թե առողջական խնդիրների պատճառով չի զորակոչվել՝ վիրահատված է մի երիկամը: Ըստ Ղանդիլյանի՝ ինքն ունի «հոգեկան խնդիրներ», այսինքն՝ շուտ բռնկվող է ու գլխացավեր է ունենում, «բանտում բուժում եմ ստացել»: Ղանդիլյանը հիմնականում Ռուսաստան է մեկնել՝ արտագնա աշխատանքի: Այս գործով դատական քննությունը ժամանակավորապես ընդմիջվել էր: Ամբաստանյալի շահերի պաշտպան Սարգիս Խաչատրյանի միջնորդությամբ դատարանը նշանակել էր դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր ստացիոնար հանձնաժողովային փորձաքննություն: Պաշտպանն իր միջնորդությունը հիմնավորել է, որ դեռ նախաքննության ժամանակ, երբ այցելում էր ՔԿՀ-ում գտնվող իր պաշտպանյալին, նրա վարքագծում, խոսակցության, մտածելու և ընկալելու մեջ նկատել է տարօրինակություններ: Պաշտպանն իր պաշտպանյալի տարօրինակության դրսևորումներից մեկն էլ համարել է 5-6 տարի առաջ ինչ-որ հեռախոսազրույցի ժամանակ հնչած հայհոյանքի պատճառով տուժողին իր տան շեմին սպանելը: Բացի այդ, 2016 թվականի ապրիլի 8-ի առավոտյան Գագիկ Ղանդիլյանը, գտնվելով «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 47-րդ խցի սանհանգույցում, սավանից պատրաստված պարանով փորձել է կախվելու միջոցով ինքնասպան լինել: Այդ հանգամանքը ևս պաշտպանի մոտ կասկածներ էր առաջացրել իր պաշտպանյալի հոգեկան հավասարակշռության, հոգեկան առողջության կամ՝ սպանությունը ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում կատարած լինելու վերաբերյալ: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանի կարծիքով՝ սպանությունը որևէ կոնֆլիկտային իրավիճակով պայմանավորված չի եղել, որ Գագիկ Ղանդիլյանի մոտ առաջանար հոգեկան որևէ պոռթկում: Գագիկ Ղանդիլյանը ՔԿՀ-ում նյարդահոգեբույժի հսկողության տակ է հետևյալ ախտորոշմամբ. «Հետտարվմատիկ էնցեֆալոպաթիա, ասթենո-նևրոտիկ համախտանիշ: Անձի էմոցիոնալ «աֆեկտիվ» անկայուն խանգարում»: Գագիկ Ղանդիլյանի նկատմամբ կատարված դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննությունն ավարտվել է, դատարանում հրապարակվեց փորձաքննության եզրակացությունը: Հոգեկան առողջության որոշակի խնդիրներ ուենալով հանդերձ՝ ըստ փորձաքննության եզրակացության, Գագիկ Ղանդիլյանը որևէ հոգեկան հիվանդությամբ չի տառապում, նա գիտակցել է իր գործողությունները, հաշիվ է տվել իրեն: Գագիկ Ղանդիլյանը ճանաչվել է մեղսունակ: Դատահոգեբանական փորձաքննության մասով՝ եզրակացության մեջ մանրամասն նշված է, որ Ղանդիլյանի ինտելեկտը համապատասխանում է նրա կրթական մակարդակին ու կենսափորձին, մտածողական գործողությունները նա հեշտությամբ է կատարում, հասկանում է ասվածի փոխաբերական իմաստը: Որպես Ղանդիլյանի բնավորության գծեր՝ փորձագիտական եզրակացության մեջ առանձնացված են «հետաքրքրասիրությունը, ջանասիրությունը, համառությունը, խոցելիությունը, պատվի, արժանապատվության զգացումը»: Ղանդիլյանը փորձաքննության ժամանակ մի քանի անգամ կրկնել է, որ սպանությունը «պահի ազդեցության տակ է կատարել», զղջում է կատարածի համար: Փորձագիտական եզրակացության համաձայն՝ սպանության պահին Գագիկ Ղանդիլյանը չի գտնվել ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում: Նա դեպքի պահին եղել է հուզված ու սրտնեղված… Դատավարության կողմերը ժամանակ խնդրեցին՝ համալիր փորձաքննության եզրակացություններին ծանոթանալու համար: Տուժող կողմը մեր զրույցի ժամանակ կասկածելի համարեց, որ սպանության պատճառը կարող էին լինել վեց տարի առաջ ինչ-որ վերացական հեռախոսազրույց ու հայհոյանք: Ըստ տուժող կողմի կասկածների՝ Գագիկ Ղանդիլյանին, հնարավոր է, օգտագործել ու սպանության է մղել մի երրորդ անձ, ով այդպես էլ մնացել է ստվերում: Հնարավոր է՝ այդ անձը կամ սուտ տեղեկություններ է հայտնել ամբաստանյալին ու նրան վախեցնելով կամ զայրացնելով՝ հասցրել է սպանություն կատարելու պատրաստակամության, կամ, միգուցե, վճարել է սպանության համար… Տուժող կողմը նույնիսկ որոշակի կասկածներ ունի՝ կոնկրետ անձի վերաբերյալ, ով մտերիմ է եղել սպանվածի հետ, իսկ սպանությունից հետո գույք է ձեռք բերել ու այլ ծախսեր է կատարել… Տուժող կողմի խոսքերով՝ սպանվածի մեքենայից անհետացել է նաև պարտքացուցակը, իրենք գույքային վնասներ են կրել… Դատական հաջորդ նիստին ցուցմունք կտա ամբաստանյալը: Տուժողի կնոջ խոսքերով՝ ինքը պատրաստ է անգամ ամբաստանյալի նկատմամբ ավելի ներողամիտ լինել, եթե նա ճիշտն ասի՝ ինչո՞ւ է կրակել իր ամուսնու վրա, ո՞րն է եղել սպանության իրական դրդապատճառը… 1in.am
