Քոչարյան Ռոբերտի կողմից կլինի հայրենասիրական պարտականության կատարում վերադառնալ քաղաքականություն. քաղաքագետ
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը հակված չէ այն մտքին, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսներն են նշանակել: Ըստ նրա՝ դա ստրկամիտ վերաբերմունք է: Այս մասին նա հայտարարեց «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Ես հակված չեմ այն մտքին, որ իրենք այստեղ վարչապետ նշանակեցին: Ստրկամիտ վերաբերմունք է դա: Նրանք շտապ ՀՀ իշխանությունների հետ խորհրդակցեցին, հասկացրեցին, որ չափավորվեք, եթե ՌԴ-ն վարի գնա, դուք էլ հետը միանշանակ վարի կգնաք: Դրանից հետո երևաց արդեն իսկանդերը»,-ասաց Շիրինյանը: Անդրադառանալով ՌԴ-ի քաղաքականությանը, քաղաքագետը նշեց, որ ռուսներին չափավորեց «Էլեկտրիկ Երևանի» և Սարի թաղի ընդվզումը: Նրա խոսքով՝ կիտրոնի նման քամվող, կաշառքի մեջ խճճված ՌԴ-ին, որն իր լեգիտիմությունը պահում է նախագահի հեղինակությամբ, իսկ դա շատ խախուտ լեգիտիմություն է, սարսափեցրեց, որ այդ բոցը ՀՀ-ի կարող է քաշվել մինչեւ ՌԴ: Հարցին, թե Կարեն Կարապետյանն Պուտինը չի՞ ուղարկել, Շիրինյանն արձագանքեց, թե դա չի կարևորը, կարևորն այն է, որ փոփոխություններ են լինելու երկրում: Քաղաքագետը նոր վարչապետին առաջարկեց չմտնել ՀՀԿ, այլ ստեղծել իր կուսակցությունը ու մրցակցություն առաջացնել. «ԲՀԿ-ն կարելի է մեջտեղ բերել, քանի որ ՀՀԿ-ն մնում է շահերի խումբ: ԲՀԿ-ն Ծառուկյան Գագիկով հետ վերադառնա, իսկ եթե Սերժ Սարգսյանը պիտի մնա հիմնական դերակատար, Քոչարյան Ռոբերտի կողմից կլինի հայրենասիրական պարտականության կատարում վերադառնալ քաղաքականություն: Խորհրդարանական հանրապետությունը պահանջում է հավասարակշռություն, եթե չեղավ՝ կփլուզվի»: Հարցին, թե առանց Քոչարյանի չի՞ լինի, Շիրինյանն արձագանքեց. «Անձը, եթե փող ունի, հարստություն ունի, նրան հավասարը պիտի լինի, որ իր հետ կոնսենսուսի գան»: Իսկ ահա Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ քաղաքագետի, հարմար չէ Սերժ Սարգսյանի կշռի համար. «Ինձ համար նա պարտության մարմնացումն է»: Կարինա Սահակյան
