«Ընդդիմությունը «Մաֆիայում» ման է գալիս սևերին». Լևոն Մարտիրոսյան
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ՏԻՄ՝ մասնավորապես Վանաձորի ընտրությունները նմանեցրեց հայտնի «Մաֆիա» խաղին: «Բազմաթիվ մարդիկ կան, որ «Մաֆիա» խաղը խաղացել են: Հիմա մարդիկ հուշագիր են ստորագրել, ասում են կարմիր ենք, բայց պարզվել է, որ այդ 3 հոգին «սև» են դուրս եկել: Հիմա այդ մարդկանց խնդիրն է, որ իրենք պարտվել են, մյուս մասն ի՞նչ կապ ունի»,-ասաց նա: Մարտիրոսյանի կարծիքով՝ ՀՀԿ-ն այս պարագայում մեղք չունի, քանի որ հուշագիր ստորագրած քաղաքական ուժերի ներկայացուցիչներն են հետ կանգնել իրենց որոշումից: «Այդ հուշագիրը գրոշի արժեք չունի, փաստը մնում է փաստ: Շատ ցավալի է, որ մարդիկ մի բան են ստորագրում, ու դա տևում է մի օր: Հայաստանում պետք է լինի մեկ ուժեղ ընդդիմություն: Մեր երկիրը չունի այդքան ռեսուրս, որ ունենա 60 ընդդիմադիր ուժ: Միակ ճանապարհը միավորվել է»,- ասաց պատգամավորը: Կարինա Սահակյան
