«Հիմա կտեսնենք, դուք պատրա՞ստ եք Դալլաքյանի կուսակցության անդամ դառնալ». Լևոն Շիրինյան
Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Լևոն Շիրինյանը, խոսելով Վ. Դալլաքյանի վերջին հայտարարության մասին, նշեց, որ նախագահի աշխատակազմում քար չեն հավաքում. «Ես Քոչարյանի ժամանակ աշխատել եմ նախագահականում: Այնտեղ կամ 4 տարի աշխատում են կամ չեն լինում: Հիմա եկել ի՞նչ է ասում: Եթե 4 տարի չես դիմել, թե ընկեր ջան, ինձ ինչի՞ ես պահում այստեղ, աշխատավարձից էլ չի հրաժարվել, ուրեմն Հարկային տեսչությունը պետք է այդ փողերը հետ ուզի: Բա ի՞նչ ես արել, հնարավո՞ր է դասախոս պահեմ, որը լսարան չմտնի: Հաջորդ օրը կասեմ՝ գնա, աշխատավարձ չեմ տա»: Հարցին՝ Բաղրամյան 26-ի՞ց են նրան գործուղել՝ Շիրինյանը պատասխանեց. «Կարող է գործուղել են, դա լավ բանի մասին չի խոսում: Իսկ եթե չեն գործուղել, դուք դրսեւորել եք պատեհապաշտ քաղաքական վարքագիծ: Հիմա կտեսնենք, դուք պատրա՞ստ եք Դալլաքյանի կուսակցության անդամ դառնալ: Եթե միտինգները թողեցին՝ ՀՀԿ-ից գործուղել են, եթե չթողեցին, պլակատները պոկեցին, գողացան, ուրեմն՝ չէ»:
