Կարապետյանը ո՛չ մի տեղից չի եկել, էդ մարդը Հայաստանում ծնված, մեծացած մարդ է.Շարմազանով
Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի կառավարություններ և կադրեր չկան, կա ՀՀԿ միասնական թիմ, որի առաջնորդը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է: Այս մասին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Թե Տիգրան Սարգսյանի, թե Հովիկ Աբրահամյանի կառավարությունը, թե Կարեն Կարապետյանի կառավարությունը , մենք բոլորս մեկ քաղաքական թիմ ենք և այդ մեկ քաղաքական թիմը ունի մեկ առաջնորդ՝ Սերժ Սարգսյան: Եվ, ինչպես Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի կառավարության ամբողջական պատասխանատուն եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, այդպես նաև այսօր, միանշանակ, վարչապետ Կարեն Կարապետյանի կաբինետի ամբողջական պատասխանատուն ևս լինելու է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Բնականաբար պարոն վարչապետը կունենա, ինպես Սերժ Սարգսյանն ասեց՝ լուրջ գործառույթներ, նաև ազատություն, որպեսզի իրականացնի և կյանքի կոչի այն իդեաները, որի համար նշանակվել է վարչապետ»,-ասաց ՀՀԿ կուսակցության մամլո խոսնակ ը: Շարմազանովին զարմացնում են նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի մասին գնահատականները, թե՛ հյուսիսից է եկել... թե՛ Հարավից: ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո այս մասին հայտարարեց ՀՀԿ խոսնակը և ավելացրեց. «Ոչ մի տեղից չի եկել, մարդը Հայաստանում ծնված, մեծացած մարդ է, Հայաստանից է եկել»: Նա հիշեցրեց, որ Կարեն Կարապետյանը այսօր չէ, որ սկսել է համագործակցել Հանրապետական կուսակցության հետ. «Դեռևս 2009-ի Երևանի ավագանու ընտրություններում նա ընդգրկվել է կուսակցության նախընտրական ցուցակում, առաջադրվել է Երևանի քաղաքապետ»,- նշեց Շարմազանովը։
