Խնամիներով Դուբայում են.hraparak.am
Հրաժարականից հետո Հովիկ Աբրահամյանը խորը ընկճախտի մեջ է, ընդամենը մեկ անգամ` 2 օր առաջ Հանրապետականի շտաբ է այցելել եւ հաջորդ օրն իսկ թռել Դուբայ` հավանաբար պաշտոնանկության վիշտը մոռացության տալու: Մեր տեղեկություններով` Հովիկ Աբրահամյանին «դեպրեսիայից» հանելու գործին լծվել է խնամին` ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով Արգամիչի պաշտոնանկության օրերին գտնվում էր արտերկրում, ու ահա այժմ էլ շտապել է ԱՄԷ: Մեզ հասած տեղեկություննրով` Դուբայում «սփոփանքի» օպերացիային է լծվել նաեւ «Տաշիր» ընկերության սեփականատեր, հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանը: Նա այսօր պետք է վերադառնար Երեւան, իսկ սեպտեմբերի 17-ին Գագիկ Բեգլարյանի որդու` Հրանտի հարսանիքի քավորն է: Տրանսպորտի եւ կապի նախարարի որդին, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ամուսնանում է հոր մանկության ընկերոջ դստեր հետ: Նրանց ընտանիքը ապրում է Մոսկվայում, դեռ փետրվարին Բեգլարյանները գնացել էին Մոսկվա և նշանադրել որդուն։ Հարսանիքը կկայանա Ծառուկյանի «Փարավոն» ռեստորանում, հրավիրված է քաղաքական ողջ Էլիտան՝ մոտ 800 հոգի, Սերժ Սարգսյանի, գործադիրի, օրենսդիրի անդամների գլխավորությամբ։ Մոսկվայից ևս հյուրեր են սպասվում։ Այս հարսանիքը Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունից հետո առաջին «լայնամասշտաբ» միջոցառումն է, եւ այժմ ՀՀԿ-ում գցում-բռնում են` Արգամիչը կգա, կմասնակցի, բաժակ կբարձրացնի վարչապետ Կարեն Կարապետյանի եւ Սերժ Սարգսյանի հետ, թե սրտից արյուն է կաթում: Ի դեպ, այս հարսանիքից հետո քաղաքական էլիտային եւս մեկ փարթի է սպասվում, ԱԺ օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դուստրը` Աստղիկը ամուսնանում է «Մայա սեմյա» ընկերության սեփականատիրոջ որդու հետ:
