Հայաստանում շատ աշխատում են, քիչ ներդնում. Վազգեն Մանուկյան
Մամուլի ազգային ակումբում այսօր ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն անդրադարձավ հարցին, թե ինչ անելիքներ ունի ՀՀ նոր կառավարությունը: Ըստ Վազգեն Մանուկյանի, առաջնահերթ է ներդրումների խնդիրը. «Եթե ներդրումներ չկան, ոչ մի արդյունք էլ չես ստանա: Դրանք պետք է լինեն ներքին եւ արտաքին: Հայաստանի ներսում կան մարդիկ, որոնք շատ մեծ գումարներ են աշխատում, բայց չնչին ներդրում անում, կամ դրսում տուն ու գործարան առնում: Այսինքն, ներքին ներդրումներ չկան: Արտաքին էլ չկան, որովհետեւ Հայաստանը հուսալի երկիր չի համարվում: Ուստի վարչապետն առաջ հերթին պետք է ներքին ներդրումներ ապահովի, որոնք էլ կխրախուսեն արտաքին ներդրումները»: Նախկին վարչապետի համոզմամբ` կառավարության մյուս անելիքը ազատ, մրցակցային տնտեսության ստեղծումն է. «Հարկային եւ մաքսային ոլորտներում պետք է աշխատեն ազնվագույն մարդիկ: Հարկայինը եւ մաքսայինը հիմա դարձել են վայր, որտեղ կարող ես մի քիչ հարստանալ եւ ընտանիքդ պահել: Մյուս խնդիրը դատական համակարգն է: Եթե չեմ կարող իմ իրավունքները դատարանի միջոցով պաշտպանել, տնտեսական զարգացում չի կարող լինել»,-նշեց բանախոսը:
