Ժամկետային զինծառայողի մահն առեղծված է դարձել
«Ժողովուրդ»-ը գրում է.«Այս տարվա սեպտեմբերի 7-ին ՊԲ N զորամասում 19-ամյա ժամկետային զինծառայող Արման Ղանդիլյանի մահվան դեպքը բացահայտված էր համարվում: Համենայնդեպս, համաձայն մամուլում շրջանառվող լուրերի` կատարվածը թյուրիմացության հետևանք է. Արմանի ծառայակից ընկերը նրանից գաղտնաբառ է հարցրել, վերջինս չի կարողացել պատասխանել, սա էլ շփոթել է Ղանդիլյանին հակառակորդի հետ ու մահացու կրակահերթ արձակել: Պարզվում է` որոշ հանգամանքներ հաշվի չեն առնվել… …Կատարվածի և առաջ քաշված վարկածի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Արման Ղանդիլյանի հրամանատարի` Ռուդիկ Հակոբյանի հետ: Ըստ նրա` տեղի ունեցածը դժբախտ պատահար է, որին զոհ գնացին երկու զինծառայող. «Արմանը և նրա ծառայակիցը, ով հիմա մեղադրվում է կատարվածում (խմբ. անունը հրաժարվեց նշել), դժբախտ պատահարից տուժածի կարգավիճակում են: Արմանը բարիդրացիական հարաբերություններ ուներ ծառայակիցների հետ, շատ հարգալից էր վերաբերվում հրամանատարական կազմին: Շատ հանգիստ մարդ էր, համեստ զինծառայող: Նույն բնավորությունն ուներ նաև դժբախտ պատահարի մյուս մասնակիցը: Դեպքը երկու համածառայակիցների` իրար չհասկանալու պատճառով է եղել: Զինվորը չի ճանաչել ծառայակցին»: Մեր զրուցակիցը պատմեց, որ մեղադրյալ զինվորն իրեն պատմել է այն, ինչը որպես վարկած է առաջ քաշվում: «Արմանից գաղտնաբառն է հարցրել, նա էլ չի պատասխանել, ու կրակահերթ է արձակել»,- շարունակեց հրամանատարը: Մինչդեռ զոհված զինծառայողի հայրը` Ալիկ Ղանդիլյանը, այլ կարծիք ունի կատարվածի շուրջ»,-գրում է թերթը։ Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։
