Հովիկ Աբրահամյանն իմ ընկերն է. Կարեն Կարապետյան
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանից հետո նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի։Ինչպես ասաց՝ անհանգիստ է տնտեսության համար: «Ճիշտն ասած, ես շատ անհանգիստ եմ մեր տնտեսության համար: Մենաշնորհներին պետք է վերաբերվել հետևյալ կերպ՝ երկրի փոքրությունը բերելու է նրան, որ որևէ ոլորտում միշտ լինելու է խոշոր խաղացող: Այլ խնդիր է՝ խոշոր խաղացողն արդարացի, մրցունակ պայմաններում է առաջանում, թե՞ ադմինիստրատիվ կարգով: Լինելու են հավասար պայմաններ: Եթե մեկն ու մեկը լինի հաջողակ բիզնես, մենք իրենից այդ բիզնեսը որևէ կերպ չենք խլելու»,- ասաց նա: Հարցին, թե ո՞վ է մեղավոր, որ Հայաստանի տնտեսության վիճակը ծանր է, Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ ծանր իրավիճակը կախված է և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներից: «Ոչ պրոդուկտիվ է հիմա հասկանալ, թե որն է սուբյեկտիվ պատճառը, որը օբյեկտիվ: Ճիշտը հիմա մեր հիվանդության ախտորոշում անելն է՝ այդ հիվանդությունը բուժելու համար»,- ասաց նա: Հարցին, թե համաձա՞յն եք կարծիքների հետ, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ձախողեց կոռուպցիայի դեմ պայքարը, նշեց միայն, որ ինքը նման գնահատական չի լսել և համաձայն չէ: Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն խոսակցություններին, թե ինքը Կրեմլից ուղարկված կադր է, Կարեն Կարապետյանը պատասխանեց՝ ժպիտով է վերաբերվում դրան: Կարեն Կարապետյանն ասաց, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր ընկերն է: «Ես կարծում եմ, որ ինքը բավական ծանր վիճակում է վերցրել կառավարության բեռն իր վրա:Ճիշտն ասած ես չէ, որ պետք է գնահատեմ, բայց կարծում եմ՝ ինքը մեծ բեռ է վերցրել իր վրա»,- նշեց նա:
