Ինքը պիտի կոֆեի բաժակ կամ գիրուղուշ գցի՞. Գագիկ Ջհանգիրյան
ԱԺ-ում այսօր ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն իր ելույթում, ոչ այնքան անդրադարձավ ՀՀ Գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանին, որքան, ինչպես ինքն ասաց՝ իր ելույթը կօգտագործի որպես պատեհ առիթ՝ մտորումները կիսելու համար դատախազության՝ որպես սահմանադրական մարմնի տեղի եւ դերի իրավապահ մարմինների համակարգում, նրա լիազորությունների ու բովանդակության, պրակտիկայում մեկնաբանման խնդիրների մասին: Ըստ Ջհանգիրյանի՝ Դատախազությունն այսօր դուրս է մնացել նաեւ քաղաքացիաիրավական վեճերից՝ ընտանեկան, աշխատանքային, բնակարանային եւ այլն. մենք ընդօրինակել ենք Արեւելյան եվրոպական երկրներին հատուկ դատախազության մոդելը: Ուղղակի ցավն այն է, որ ավելորդ լիազորություններից ազատվելով՝ ընկել ենք մեկ այլ ծայրահեղության մեջ՝ մենք խուզում, ամորձատում ենք այն լիազորությունները, որոնք պետք են գոնե քրեական վարույթի ժամանակ»: Դատախազությունը, ըստ նրա, դարձել է հետին թվով շտկող մարմին, ընթացիկ վերահսկողություն չունի. «Մեր դատախազը դիտորդ է՝ քննչական գործողություններին մասնակցության իրավունք չունի՝ ինքը պիտի կոֆեի բաժակ կամ գիրուղուշ գցի՞, որ հասկանա՝ ինչն ինչպես է: Մենք ուզում ենք այնպիսի դատախազություն, որ ռեալ գործառույթ իրականացնի»:
