Դուք ունեք հարուստ փորձ ու գիտելիքներ. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 14-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ «Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Դուք ունեք հարուստ փորձ ու գիտելիքներ, մարդկային ու մասնագիտական բարձր ունակություններ ու կարողություններ, որոնք մեծապես կօգնեն Ձեզ այդ պատասխանատու պաշտոնում Ձեր գործունեության իրականացման ճանապարհին: Վստահ եմ, որ այսուհետ էլ անմնացորդ կծառայեք հայրենիքի և հարազատ ժողովրդի զարգացման ու բարգավաճման, հայոց պետականության ամրապնդման, տնտեսության առաջընթացի ապահովման, Հայաստանի և Արցախի միջև կապերի շարունակական խորացման ու ընդլայնման հայրենանվեր գործին: Մաղթում եմ Ձեզ մեծագույն հաջողություններ` ի փառս Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի», - ասված է ԼՂՀ նախագահի շնորհավորական ուղերձում:
