Չվարկաբեկվածներ են պետք. Ալեքսանդր Իսկանդարյան
«Ես կարծում եմ, որ պարոն Կարապետյանի նշանակման պատճառը իշխանության և քաղաքական սիստեմի լեգիտիմության կտրուկ անկումն է, որը, իհարկե, երեկ չի սկսվել», այս մասին Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ընդգծեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ քաղաքագետի՝ լեգիտիմությունը կորցրել են ոչ միայն իշխանական քաղաքական ինստիտուտները, այլ նաև ընդդիմությունը, որի հետևանքն էին ամռանը տեղի ունեցած՝ «կատաստրոֆիկ ֆորմաներ ընդունած իրադարձությունները»: Այսչափ ցածր վարկանիշի և անվստահության պարագայում քաղաքագետը գտնում է, որ ցանկացած ռազմական կամ քաղաքական իրադարձությունը կարող է վերաճել նոր պայթյունի և անկարգությունների: «Կա առաջադրանք՝ գտնել նոր մարդիկ, որոնք վարկաբեկված չեն այս կամ այն քաղաքական ուժի ներկայացուցիչ լինելով: Սա շատ դժվար է, քանի որ ցանկացած անձի նկատմամբ, որ մտնում է իշխանության շարքերը, նեգատիվ վերաբերմունքի է արժանանում»: Քաղաքագետը կարծում է, որ ցանկացած փոփոխություն աննշան է, քանի որ փոխվում են քաղաքական դեմքերը, բայց կառավարման համակարգը մնում է անփոփոխ: Իսկանդարյանը նկատել է նաև, որ գործող իշխանության վարկանիշը հուլիսյան դեպքերից հետո էլ ավելի է ընկել, ինչը պայմանավորվում է միակ վստահելի ինստիտուտի՝ բանակի նկատմամբ աճող թերահավատությամբ: Քաղաքագետը ինստիտուցիոնալ փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում, և նկատում, որ շատ հարցերում արդեն ուշ է:
