Արթուր Դավթյանի առեղծվածը
ԱԺ-ում իր ելույթի ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանին, ասաց, որ Գլխավոր դատախազի թեկնածուների հետ կապված մի առեղծված կա. «Գլխավոր դատախազությունում շատ արագընթաց կարիերա են անում այն մարդիկ, ովքեր առնչություն են ունենում աղմկոտ ու հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող գործերին։ Արթուր Դավթյանը 2012թ. Հարսնաքարի գործով որպես մեղադրող դատախազ է մասնակցել։ Այս գործի կոնտեքստում հանրությանը հետաքրքրող ամենակարևոր հարցը այն էր, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանի մերձավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն առնչություն ունեցել է այս գործի հետ, արդյո՞ք հրահանգել է ծեծել։ Նախաքննությունը «բարեհաջող» ավարտվեց՝ պաշտոնական «բարեհաջող» պատասխանով, որ Ռուբեն Հայրապետյանը կապ չունի։ Արթուր Դավթյանը հենց այդ ժամանակ պաշտոնի բարձրացում ունեցավ. նշանակվեց Շենգավիթ վարչական շրջանի դատախազ։ Իսկ երբ այս գործի դատաքննությունն էր ավարտվում, որտեղ նա էլի ընդգրկված էր՝ որպես մեղադրող, ու էլի դատաքննությունը «բարեհաջող» ցույց տվեց, որ Ռուբեն Հայրապետյանը ոչ մի առնչություն չունի, Արթուր Դավթյանը նշանակվեց արդեն Երևան քաղաքի դատախազ։ Իսկ երբ Ռուբեն Հայրապետյանը 2015թ. օգոստոսին առևանգեց և ծեծի ենթարկեց «Էյր- Արմենիա» ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանին, Արթուր Դավթյանը Երևան քաղաքի դատախազ էր ու ոչ մի բան չարեց, և հիմա դուք տեսնում եք, թե որտեղ է նա նստած»։ Անդրադառնալով Արթուր Դավթյանի՝ երեկվա այն հայտարարությանը, թե դատախազներն արժանի են բարձր աշխատավարձի, Նիկոլ Փաշինյանը հեգնեց. «Դատախազության 2015-ի տարեկան հաշվետվության մեջ բառացիորեն ասվում է, որ սեփականատերերը մեղավոր են, լավ չեն պահպանում իրենց սեփականությունը: Բնակարանային գողությունների հետ կապված նախականխիչ կարող է լինել պատուհաններին ճաղավանդակներ տեղադրելը: Այսինքն, դատախազությունը պատկերացնում է, թե մենք պատուհաններին ինչքան կարանք ճաղավանդակ ենք դնում, իրիկուններն էլ ավտոմատներով մուտքերում ժամապահություն ենք անում հերթով՝ երեխեքը, տնեցիք 2 ժամը մեկ փոխում են: Այդ ընթացքում էլ գլխավոր դատախազությունը ճաղավանդակների ցեխ է դնում, որ միջազգային գներով մեզ մատակարարի»: Անի Սահակյան
