Դատախազական պաշտոնը կոռուպցիոն եղանակներով փողեր աշխատելու լավ մեխանիզմ է. Փաշինյան
Այսօր ԱԺ-ում շարունակվում է Արթուր Դավթյանին գլխավոր դատախազի պաշտոնում նշանակման հարցի քննարկումը եւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Գևորգ Կոստանյանի հեռացման պատճառի պարզաբանումն իր համար անհասկանալի էր:«Ատամի ցավն էլ է առողջական խնդիր, կարող է ատամի ցավ ունի: Կա ուրիշ խնդիր՝ պետք է պարզաբանվի, որովհետեւ նա մարդկանց ճակատագրի հետ է գործ ունեցել, հանրությունը պետք է հասկանա՝ նրա առողջական խնդիրը կարո՞ղ էր ազդել իր կայացրած որոշումների վրա: Նման պարզաբանումներ մինչ օրս չեն հնչել»: Նիկոլ Փաշինյանը, մեջբերելով մամուլի հրապարակումները, ըստ որոնց Կոստանյանը հրաժարական է տվել ՊՆ-ին մատակարարումների հետ կապված պատմության համատեքստում, նշեց, որ եղել են ապացույցներ, որ Աղվան Հովսեփյանի որդուն պատկանող ընկերությունը 2.5 մլն դոլարի մատակարարումներ է իրականացրել առողջապահության նախարարությանը՝ 6-7 անգամ չափազանցված գներով: «Կոստանյանի հետ կապված ընկերությունները չափազանցված գներով մատակարարումներ են իրականացրել ՊՆ-ին եւ կոռուպցիոն եկամուտները հավասարաչափ չեն բաշխվել իշխանության վերնախավում, ինչը հանգեցրել է հրաժարականի: ՀՀ քննչական պետական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի որդուն պատկանող ընկերությունը 2.5 մլն դոլարի մատակարարումներ է իրականացրել առողջապահության նախարարությանը՝ 6-7 անգամ չափազանցված գներով: Դատախազական պաշտոնը կոռուպցիոն եղանակներով փողեր աշխատելու լավ մեխանիզմ է»:
