Ի՞նչ է սպասվում Դավիթ Հարությունյանին նոր կառավարությունում
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ Սերժ Սարգսյանը ստորագրեց Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու հրամանագիրը։ Բայց լիարժեք վարչապետ զգալու համար դեռ պետք է խորհրդարանի կողմից կառավարության ծրագրի վավերացումը։ Մինչ այդ մամուլում եւ քաղաքական կուլիսներում ակտիվորեն քննարկվում է կառավարության նոր կազմը, թե ովքեր կմնան Հովիկ Աբրահամյանի ձեւավորած կառավարությունից, ովքեր կգնան։ Ըստ լուրերի, նոր վարչապետին կադրերի հարցում ազատություն է տրված, եւ, ամենայն հավանականությամբ, կառավարության անդամների մոտ 80 տոկոսը կփոխարինվի նոր նախարարներով։ Անորոշ է Հովիկ Աբրահամյանի կառավարության «ուղեղը» համարվող կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հարցը՝ կմնա եւ կաշխատի՞ Կարեն Կարապետյանի հետ, թե՞ կհեռանա։ «Ես չեմ կարող պատասխանել այդ հարցին»,-երեկ մեզ հետ զրույցում ասաց պարոն Հարությունյանը։ -…Նոր վարչապետի հետ հանդիպում, խորհրդակցություն ունեցե՞լ եք այսօր։ – Վարչապետի հետ միշտ է աշխատում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը։ – Կադրային հարցերով կամ Ձեր՝ կառավարությունում մնալ-չմնալու թեմայով զրուցե՞լ եք։ – Նման քննարկում չի եղել, սակայն անգամ եթե լիներ, ես դրա մասին չէի բարձրաձայնի։ – ….Հովիկ Աբրահամյանից հետո կաշխատե՞ք այլ վարչապետի հետ։ – Բնականաբար, կաշխատեմ այլ վարչապետի հետ, եթե մեր մոտեցումներն ընդհանուր լինեն, մենք հասկանանք, որ ես կարող եմ օգտակար լինել, եւ այդ օգտակար լինելն ինձ համար եւս հասկանալի լինի։ – Օգտակար լինել ո՞ւմ կամ ինչի՞ն։ – Գործադիր իշխանությանը։ – Մինչ այդ էլ էիք օգտակար լինում։ – Ե՞վ։ – Վարչապետի անձը կապ ունի՞ գործադիր իշխանությանն օգտակար լինելու հարցում։ – Միշտ էլ կապ ունի, որովհետեւ վարչապետն է որոշում, թե ինչպես է պատկերացնում իր կառավարության որոշումը»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
