Հովիկ Աբրահամյանը երկու տարի աշխատել է ոչինչ չխնայելով. Վահրամ Բաղդասարյան
«Հրաժարական տալը եղել է Հովիկ Աբրահամյանի որոշումը, եւ ինքն իր ելույթում տվել է բոլոր հարցերի պատասխանները»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Բաղդասարյանի խոսքով՝ Հովիկ Աբրահամյանը պաշտոնավարման երկու տարիների ընթացքում աշխատել է ոչինչ չխնայելով, որ կառավարության առջև դրված բարեփոխումները կյանքի կոչվեն: «Դրանց մի մասը ստացվեց, մյուս մասը ճանապարհին էր, բայց աշխարհաքաղաքական, ներքին եւ արտաքին բոլոր մարտահրավերները, հասարակության բևեռացումը եւ տնտեսական բարեփոխումների տեմպերը նրան չէին գոհացնում: Եվ ինքն իր մեջ ուժ գտավ հրաժարականի դիմում ներկայացնելու, նոր կառավարությանն էլ օժանդակելու պատրաստակամություն հայտնեց»,- շարունակեց Բաղդասարյանը, հավելելով, որ ոչ բոլորը կկարողանային ուժ գտնել եւ հրաժարվել վարչապետի պաշտոնից:
