Առաջին թիրախն իշխանություններն են. Զուրաբյան
Գյումրիում ՀԱԿ ավագանու թեկնածուն Սյուզի Մեխակյանն է: «Ժամանակն է, որ կանայք Հայաստանում գան իշխանության: Եթե Հայաստանի երկրորդ քաղաքում իշխանության գա ժողովրդի կողմից ընտրված կին քաղաքապետը սա նաև կլինի գենդերային անհավասարության խնդրի առաջքաշում: Մեկ հարվածով ՀՀ-ում կսկսվի գենդերային հեղափոխություն, կբացի մեծ ճանապարհ, և ազգը կհասկանա, որ կանայք ներքին կառավարման գործում ունեն իրենց խոսքը», - ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Վերջինս ընդգծեց, որ իրենց նպատակն է ունենալ Գյումրիում կին քաղաքապետ և նոր գաղափարներով թիմ, որը կկարողանա շրջել այն ընթացքը, որն այսօր առկա է Գյումրիում: Մասնավորապես Զուրաբյանը նշեց, որ անհրաժեշտ են նոր աշխատատեղեր ու նոր ծրագրեր և վստահություն հայտնեց, որ իրենց թիմը ընդունակ է դա անել: «ԱԺ ընտրություններին մնացել է մի քանի ամիս: Մենք նախ պետք է շատ լուրջ արդյունք ցույց տանք Գյումրիում, եթե կարող ենք նաև հաղթել, իսկ հետո վրափոխենք ամբողջ Հայաստանը: Մենք չենք պատրաստվում բանավեճի մեջ մտնել այլ ուժերի հետ, որոնք իրենց ընդդիմադիր են համարում՝ արդարացիորեն, թե՝ ոչ: Մենք իրենց հետ գործ չունենք: Միակ ընդդիմություն լինելու պայքարը, այլ քաղաքական ուժերին խորտակելու պայքարը մեզ չի հետաքրքրում: Մեզ հետաքրքրում է միայն Հայաստանն այս իշխանություններից փրկելու խնդիրը: Եվ այդ խնդրում մեր առաջև մեկ թիրախ կա՝ դա իշխանություններն են»,-ասաց Զուրաբյանը:
