53-ամյա Կարեն Կարապետյանը այդքան էլ չի ասոցացվում երկրի ներկայիս ղեկավարության հետ. «Կոմերսանտ»
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց իր հրաժարականի մասին: Նրան կփոխարինի Երևանի նախկին քաղաքապետ և «Գազպրոմ» ընկերության նախկին թոփ-մենեջեր Կարեն Կարապետյանը, ում առավելությունն այն է, որ ի տարբերություն կառավարության նախորդ ղեկավարի` նա այդքան էլ չի ասոցացվում երկրի ներկայիս ղեկավարության հետ. դեռևս հուլիսին Երևանում ամեն օր ցույցեր էին կազմակերպվում, որոնց ժամանակ իշխանության փոփոխության պահանջներ էին հնչեցվում, գրում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը: «Ես որոշել եմ հրաժարական տալ և հնարավորություն տալ նախագահին նոր կառավարության ձևավորել»,- պարբերականը հիշեցնում է Հովիկ Աբրահամյանի հրաժեշտի խոսքը: Պարբերականը նշում է, որ ՀՀ կառավարությունը կղեկավարի 53-ամյա Կարեն Կարապետյանը, ում թեկնածության մասին հինգշաբթի երեկոյան հայտարարվեց իշխող Հանրապետական կուսակցության խորհրդի նիստի ժամանակ: «Համոզված եմ, որ Կարապետյանը կարող է Հայաստանում փոփոխությունների խորհրդանիշ դառնալ»,- պարբերականը մեջբերում է ՀՀ նախագահի խոսքը: «Գազպրոմ»-ի համակարգում Կարեն Կարապետյանի նախկին գործընկերները, ինչպես գրում է պարբերականը, նրան բնութագրում են որպես «եռանդուն» և «նորարարական ոգի» ունեցող մարդու, սակայն միևնույն ժամանակ՝ իմպուլսիվ:
