Հայաստանում քաղբանտարկյալներ չկան. Արթուր Դավթյան
Քաղաքական դրդապատճառներով ձերբակալումներ չունենք մեր երկրում. ցանկացած կալանավորում իրականացվում է քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերով: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը: Ճշտող հարցին՝ պնդում եք, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկա՞ն, նա արձագանել է. «Իհարկե պնդում եմ, որ քաղբանտարկյալ չունենք: Իսկ ով է ասում, որ ունենք քաղբանտարկյալներ: Որքանով ես իմ աշխատանքային գործունեությամբ ներգրավված եմ եղել այդ որոշումների կայացմանը, դրանք կայացվել են բացառապես օրենքով նախատեսված հիմքերով եւ կարգով»: Նրա խոսքով, Քրեական օրենսգիրքը սահմանում քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը, այսինքն ցանկացած անձ, որը կկատարի քրեական օերնսգրքով նախատեսված արարք, կենթարկվի պատասխանատվության. «Միաժամանակ քրեադատավարական օրենսգիրքն էլ սահմանում է, որ ոչ մի անմեղ մարդ չպետք է ենթարկվի քրեական պատասխանատվության»:
