Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են «06»-երը. կան վիրավորներ
Երեկ՝ սեպտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Չարենցավան-Ֆանտան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Ֆանտան գյուղի բնակիչ, 34-ամյա Անդրանիկ Կարապետյանի վարած Վազ 2106 մակնիշի 34 PL 353 համարանիշի և Չարենցավան քաղաքի 8-րդ թաղամասի բնակիչ, 65-ամյա Ռաֆիկ Միրզոյանի վարած Վազ 2106 մակնիշի 42 ՕԼ 592 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներ Ա. Կարապետյանն ու Ռ. Միրզոյանը և վերջինիս ուղևորուհի, համաքաղաքացի, 60-ամյա Իսկուհի Մանուչարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արման Զարգարյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ա. Մելքումյանի կողմից, ով տեղում ղեկավարել է քննչական աշխատանքները, նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
