Կարեն Կարապետյանը հարաբերություններ կկառուցի ռուսական իշխանությունների հետ. «Կոմերսանտը»
Ռուսական «Կոմերսանտը» պարբերականն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականին և Երևանի նախկին քաղաքապետ, ռուսական «Գազպրոմ» ընկերության նախկին թոփ մենեջեր Կարեն Կարապետյանի նշանակմանը վարչապետի պաշտոնում: Ինչպես գրում է «Կոմերսանտը», Հովիկ Աբրահամյանի իրավահաջորդի գլխավոր առավելությունն այն է, որ նա այդքան էլ չի ասոցիացվում երկրի ներկայիս իշխանության հետ: Նշվում է, որ Հայաստանում իրավիճակը սրվեց ամռանը, երբ ընդդիմության և իշխանությունների միջև հակասությունը զինված բախումներ առաջացրեց: Պարբերականն անդրադառնում է հուլիսի 17-31-ը «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների կողմից Էրեբունու ՊՊԾ-ի գրավմանն ու դրան հաջորդող իրադարձություններին: Ըստ պարբերականի`այդ իսկ պատճառով օգոստոսի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակավ ընդունեց երկրի կյանքում «արմատական փոփոխությունների» անհրաժեշտությունը: Ազգային համաձայնության կառավարությունը կգլխավորի 53-ամյա Կարեն Կարապետյանը: «Կոմերսանտը» գրում է, որ նրա ծանոթներն ու գործընկերները «Գազպրոմից» Կարապետյանին բնութագրում են՝ որպես «շատ եռանդուն» և «նորարարական ոգի» ունեցող մարդ, սակայն` իմպուլսիվ: Պարբերականը հղում կատարելով իր աղբյուրներին՝ գրում է, թե Կարեն Կարապետյանը լավ հարաբերությունների մեջ է «Գազպրոմի» կառավարման խորհրդի ազդեցիկ անդամ Կիրիլ Սելեզնյովի հետ, ինչը կարող է նրան օգնել հարաբերությունները կառուցել ռուսական իշխանությունների հետ` արդեն նոր պաշտոնում:
