Կարեն Կարապետյանին իշխանության բուրգում լավ չեն վերաբերվում որոշ պաշտոնյաներ. «ՀԺ»
ՀՀԿ-ում կա մի խավ, որը նրան չի ընդունում։ Դա հիմնականում քրեաօլիգարխիկ խմբի այն հատվածն է, որն ունի, այսպես ասած՝ գողականի համարում։ Այդպիսով, ՀՀԿ-ում այս մի քանի օրերին անցկացրած մեր մոնիթորինգի արդյունքում պարզեցինք, որ Կարեն Կարապետյանին չեն ընդունում հատկապես Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, պատգամավոր Մհեր Սեդրակյանը, նման եւս մի քանի անդամներ։ Գ. Բեգլարյանը ՀՀ ապագա վարչապետի հետ կապված շատ տխուր եւ ճակատագրական հիշողություն ունի՝ 2010թ. երբ նրան պաշտոնանկ արեցին Երեւանի քաղաքապետի պաշտոնից, փոխարենը Կ. Կարապետյանին նշանակեցին։ Այն ժամանակ դեռ լուրեր էին շրջանառվում, որ Բեգլարյանն այդպիսով քեն եւ բարդույթներ ունի վերջինիս նկատմամբ, թեեւ նա որեւէ կերպ չէր միջամտել այդ պաշտոնանկման ու իր նշանակման համար։ Եվ հիմա իզուր չէ, որ արդեն տեղեկություններ են շրջանառվում, թե Կ. Կարապետյանը Սերժ Սարգսյանի առաջ պայման է դրել, որ իր ձեւավորած կառավարությունում Գ. Բեգլարյանը չպետք է լինի։ Կարապետյանին իշխանության բուրգում, մեղմ ասած, լավ չեն վերաբերվում նաեւ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ու Պետեկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։ Նախ, ինչ-որ ժամանակ Գ. Խաչատրյանն ինքն է ձգտել վարչապետի պաշտոնին, հատկապես, երբ ֆիննախն ու ՊԵԿ- ը միացված էին, ու ինքը սուպերնախարար էր։ Բացի այդ, այս երկու պաշտոնյաները իրար հաջորդելով եւ ունենալով խոշոր բիզնեսներ՝ իրենց վարչական լծակները ծառայեցնում են սեփական շահերին։ Եվ տնտեսական այս խորը ճգնաժամային իրավիճակում, հարկային եկամուտների թերհավաքման պայմաններում այս երկու պաշտոնյանները բնազդով իսկ կզգան, որ իրենք ու Կարապետյանը նույն կառավարությունում համատեղելի չեն։ Եվ նրանց դեպքում նույնպես իզուր չեն այն տեղեկությունները, թե տեղ չեն ունենա նոր ձեւավորվող կառավարությունում կամ գոնե այդ նույն պաշտոնները չեն զբաղեցնի։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
