«Դաշնակցության հետ մեր համագործակցությունը այս հրաժարականի հետ կապ չունի». Ա. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նշեց, որ տեղի ունեցող գործընթացները եւս մեկ անգամ փաստում են, որ ՀՀԿ-ն շարունակում է մնալ քաղաքական նորաձեւության եւ տեմպի աղբյուրը Հայաստանում:
«Հաշվի առնելով Կարեն Կարապետյանի գործունեությունը, ինչպես պետական կառավարման համակարգում, այնպես էլ տնտեսական, կումունալ, քաղաքային խնդիրներին քաջատեղյակ լինելը` քաղաքապետի պաշտոնում աշխատելու ժամանակ, հաշվի առնելով կառավարչական հմտությունները, բնավորության մի շարք գծեր, ՀՀԿ-ն տվել է իր վստահության մանդատը Կարեն Կարապետյանին: Նշանակվելուց հետո ձեւավորվելու է նոր կառավարություն, կներկայացվի ծրագիր, որը կդառնա երկրի կարճաժամկետ զարգացման ծրագիր եւ երկարաժամկետ մարտահարվերներին դիմակայելու ուղենիշ:
Անդրադառնալով լրագրողների հարցադրման` արդյոք հրաժարականը եւ նոր նշանակումը համաձայնեցվել են ՀՅԴ-ի հետ, Աշոտյանը ընդգծեց. «Դաշնակցության հետ մեր համագործակցությունը այլ փաստաթղթով է ամրագրված եւ այս հրաժարականի հետ կապ չունի»:
