ՀՀԿ-ն քննարկում է Կարեն Կարապետյանի հարցը. Արտակ Զաքարյան
ՀՀԿ խորհրդի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հայտնեց, որ վարչապետի պաշտոնի համար քննարկվում է Կարեն Կարապետյանի թեկնածությունը: «Նախատեսվում է քննարկել նոր վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի թեկնածության հարցը: Այլ թեկնածուներ չկան, միայն Կարապետյանն է»,- նշեց Զաքարյանը։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ գործող կառավարությունը չէ՞ր կարողանում այդ լուծումները տալ: «Կառավարության խնդիրը չէ, կառավարությունն ունի գործունեության ծրագիր, այդ ծրագիրը պետք է վերանայվի, համապատասխանի արտաքին ու ներքին պահանջներին»,- պատասխանեց Զաքարյանը: Ըստ նրա՝ նախորդ ժամանակահատվածի համար կառավարության գործունեությունը պետք է գնահատել բավարար: Նրա խոսքով՝ ազգային համաձայնության կառավարությունը հանրության բոլոր շերտերի, խավերի պահանջները իր մեջ պարունակող եւ դրանց համար ծրագրեր նախատեսող կառավարություն պետք է լինի:
