Արայիկ Խանդոյանին թույլ չեն տալիս հանդիպել իր լիազորված անձանց
Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանն ահազանգում է, որ իր պաշտպանյալին թույլ չեն տալիս հանդիպել ընտրություններում իր լիազորված անձանց հետ: «Ընտրական օրենսգիրքը նախատեսում է նման բան, որ կալանավորված կամ ձերբակալված անձն իրավունք ունի անարգել մինչեւ 3 վստահված անձանց հետ նախընտրական քարոզարշավի ընթացքում օրական մինչեւ 2 ժամ տեւողությամբ հանդիպումներ ունենալ: Հիմա մենք միջնորդություն ենք ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին, որ թույլ տան հանդիպում տեղի ունենա, սակայն 10 օր է անցել, մեզ չեն պատասխանում, ինչը հավասարազոր է թույլ չտալուն»,- ասաց փաստաբանը: Փաստաբանը նշեց, որ վարույթն իրականացնող մարմինը միջնորդությանն ըստ օրենքի պետք է պատասխաներ 5-օրյա ժամկետում: «Ավելին՝ մենք խնդրել էինք հարցի հրատապությունը հաշվի առնելով 5-օրյա ժամկետից շուտ պատասխանել: Քանի որ եթե ինքը չի կարող անձամբ իրականացնել նախընտրական քարոզարշավը եւ չի կարողանում հանդիպել իր վստահված անձանց հետ, անհավասար պայմաններում է հայտնվում մյուս թեկնածուների նկատմամբ»,- ասաց պաշտպանը: Արայիկ Պապիկյանը նշեց, որ գլխավոր դատախազությունում միջնորդություն է ներկայացրել՝ բողոքելով քննչական խմբի ղեկավարի գործողությունների դեմ:
