Հեռացող վարչապետի խոսքը

Այսօր կառավարության հերթական նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ հայտարարությամբ։ Նա նշեց, որ 2014 թվականի մայիսին Ազգային ժողովին ներկայացնելով կառավարության ծրագիրը` հատուկ շեշտադրել է իր համոզմունքը՝ աշխատելու համագործակցության կամուրջների կայացման համար: Վարչապետը հավելեց, որ կառավարությունը բաց է եղել առողջ քննարկման համար, բաց է եղել բոլորի համար, հանդիպել է բոլորի հետ և տվել խնդիրների լուծումներ: Ներկայացնում ենք վարչապետի խոսքը կառավարության նիստին. «2014 թ մայիսին Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս ես հատուկ շեշտադրեցի հանրային մտահոգություններին ականջալուր լինելու և համագործակցության վերաբերյալ իմ համոզմունքը: Իմ ամբողջ քաղաքական կենսագրության ընթացքում ես պայքարել եմ քաղաքական անջրպետների դեմ` աշխատելով համագործակցության կամուրջների կայացման համար: Իմ կողմից ղեկավարվող կառավարությունը բաց է եղել ցանկացած երկխոսության, առողջ գաղափարի քննարկման համար: Մենք մեծ ջանքեր ենք գործադրել հասարակության բոլոր հատվածների հետ երկխոսություն ձևավորելու համար: Գիտնական թե հողի աշխատավոր, արվեստաբան թե առևտրական, դաշնակից թե ընդդիմադիր, շինարար թե կառուցապատման խարդախություններից տուժած քաղաքացի, ես հանդիպել եմ բոլորի հետ՝ անկեղծորեն ներկայացրել առկա սահմանափակումները և տվել կոնկրետ խնդիրների իրատեսական լուծումներ: Մեր որդեգրած անկեղծ և իրատեսական մոտեցումներն իրենց արդյունքն ունեցան՝ սակայն հասարակությունը դեռևս մնաց բևեռացված: Իմ կարծիքով, դրա հիմնական պատճառներից մեկն աշխարհաքաղաքական, արտաքին տնտեսական և ռազմական մարտահրավերներով սնվող առկա տարաձայնություններն են: Դրանք են, որ դեռևս հնարավորություն չեն ընձեռում մեզ՝ ժողովելով բոլոր ուժերը, հրատապ լուծումներ տալ մեր առջև ծառացած կարևորագույն խնդիրներին՝ տնտեսական հավասար պայմաններ ապահովելուց մինչև կոռուպցիայի դեմ պայքարը: Չնայած ամենօրյա աշխատանքով և սահմանին կանգնած զինվորի անսասան արիությամբ կերտվող 25-ամյա մեր հպարտ անկախությանը, մենք դեռևս անցումային խնդիրներ ունեցող երկիր ենք, որտեղ առկա տնտեսական և սոցիալական իրավիճակի բարելավման համար մեզ անհրաժեշտ են հասարակության և կառավարության միասնական ջանքեր: Իսկ դրա համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր սկիզբ: Այդ պատճառով, ես որոշել եմ հրաժարական տալ և նոր կառավարություն ձևավորելու հնարավորություն ընձեռել Նախագահին: Պետք է մտածել մեր բոլորի հաջողության մասին և շանս տալ նոր կառավարությանը՝ կատարված աշխատանքի հիման վրա և նոր մոտեցումներով համախմբելու հասարակությանը: Իսկ աշխատանքներ իրապես կատարված են: Երբևէ չեմ խոսել և չեմ խոսելու իմ կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելու պահին առկա իրավիճակի մասին: Դա իմ աշխատաոճը չէ: Սակայն բաց ճակատով խոսելու եմ կառավարության մեր համատեղ աշխատանքով ձեռք բերած արդյունքների մասին: Էական թափ են ստացել գյուղատնտեսության կենսատու ոռոգման համակարգերի աշխատանքները, նախաձեռնվել և իրականցվում են կառավարության գերակայություն հանդիսացող ջրամբարաշինության աշխատանքները: Կառավարության ծրագրով կանխորոշված բոլոր չորս ջրամբարներն ունեն հստակ ֆինանսավորման աղբյուրներ և գտնվում են իրականացման տարբեր փուլերում՝ տեխնիկական հիմնավորումից մինչև շինարարություն: Վերականգնվել և էապես արագացել են Իրանի և Վրաստանի հետ տարածաշրջանային ինտեգրացիան խորացնող, արտահանման մեծ ներուժ ապահովող բոլոր ենթակառուցվածքային ծրագրերը: Անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը հնարավորություն է տվել մեր գործարարներին նվազեցնել արտաքին առևտրի գործառնական ծախսերը և մեղմել 2015 թ տարածաշրջանային տնտեսական շոկերը: Մեծածավալ աշխատանք է կատարվել Երևանում որոշ կառուցապատողների ձախողման արդյունքում երկարատև ժամանակ կեցավայր չունեցող քաղաքացիների իրավունքների վերականգնման և աջակցության համար, նրանց խնդիրների լուծման արդյունքում կենսունակ է դարձել վաղուց քննարկվող «Հին Երևան» ծրագիրը, որը կմեկնարկի շուտով: Մետաղի գների աննախադեպ անկման պայմաններում կառավարության գործուն աջակցությամբ էապես աճել է հանքարդյունաբերության թողարկումը, սկսել է աշխատել բազմաթիվ աշխատատեղեր ապահովող Ամուլսարի հանքավայրը: Հայաստանի տնտեսությունում իրականացավ մեր պատմության խոշորագույն ամերիկյան ներդրումը՝ Որոտանի կասկադում ներդրվեց 180 մլն ԱՄՆ դոլար, որը կապահովի համալիրի վերազինումն ու հուսալի շահագործումը: 2015թ․-ի հունվարից ուժի մեջ մտած «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո հիմնվել են 125 սկսնակ ընկերություն: Ընդ որում, կարևոր է, որ ոլորտում նոր ընկերությունների բացվելու ու հավաստագրման դիմելու տեմպերը հետզհետե ավելանում են։ Բյուջետային ոլորտում, չնայած սաստկացող ֆիսկալ ճնշումներին, 2014 թվականից տարեկան շուրջ 40 մլրդ դրամով ավելացվեցին աշխատավարձերը, Էապես բարելավվեցին արտաքին ֆինանսավորմամբ իրականացվող կարևորագույն ենթակառուցվածքային ծրագրերի կատարողականը: 2013 թ ցածր կատարողականն արդեն 2014 թ արձանագրեց էական բարելավում, իսկ 2015 թ կատարողականն ավելացավ ավելի քան 35 մլրդ դրամով՝ հասնելով շուրջ 100 մլրդ դրամի, ինչի արդյունքում ծրագրերը գերակատարվեցին 25 տոկոսով: Չնայած 2015թ արձանագրված էական արտաքին տնտեսական շոկին, տնտեսությունը գրանցեց տարածաշրջանում տիրապետող բացասական միտումներին հակադրվող 3 տոկոս տնտեսական աճ: 2015 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացված հակացիկլային քաղաքականության շնորհիվ այդ տարվա բացասական շոկերն ամբողջապես կլանվեցին մեր տնտեսության կողմից՝ չփոխանցվելով 2016 թվական: Արդյունքում, անգամ շարունակվող գնանկման համատեքստում 2016 թվականի հունվար-հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ գրանցեց 4.8% աճ: Կարելի է փաստել, որ չնայած ներքին սպառման կրճատմանը, Հայաստանի Հանրապետության վերջին մեկուկես տարվա տնտեսական աճը ապահովվել է արտաքին առևտրի շնորհիվ: Սա նշանակում է, որ ներքին սպառմամբ պայմանավորված տնտեսական աճից մենք անցնում ենք որակապես նոր՝ արտադրությամբ և արտահանմամբ ուղղորդվող տնտեսական աճի: Շատերի կողմից սկսեց շահարկվել հուլիսի տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ անտեսելով 2016 թվականին տնտեսությանը բաժին ընկած երկու հուժկու հարվածները՝ ապրիլյան պատերազմն ու ոստիկանության գնդի զինված գրավումը հուլիսին: Սակայն ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի՝ ապագա ամիսների աճը ցույց կտա գյուղատնտեսության դեռևս չսպառված ներուժի, էներգետիկայի սեզոնայնության դրական ազդեցությունները, իսկ եկող տարվա աճը վեր կհանի մեր ստեղծած առողջ նախադրյալները: Ուզում եմ կարևորել կոռուպցիայի դեմ պայքարը: Այն բազմադեմ է, բազմաշերտ և պետք է հետևողականորեն և համապարփակ կերպով պայքարել դրա դեմ՝ չխորշելով անմիջական լուծումներից, սակայն խնդրին մոտենալով հիմնարար կերպով: Կառավարությունը քաղաքացիական հասարակության հետ սերտ համագործակցելով նախապատրաստել է կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: Մասնավորապես արդեն շրջանառվում են Բարձրաստիճան պետական պաշտոնյաների ապօրինի հարստացման քրեականացման, թերի հայտարարագրման պատժելիության, պետական գնումներին մասնակցող ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման, կանխիկ գործառնությունների սահմանափակման նախագծերը: Մշակման փուլում է գտնվում կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվություն հայտնող անձանց պաշտպանության և խրախուսման նախագիծը: Խորությամբ վերլուծվել է կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ նոր համակարգի` հակակոռուպցիոն առանձին մարմնի ստեղծման գաղափարը: Այս ամենն ամբողջացնող օրենսդրական փաթեթը կյանքի կոչելու համար մենք նախատեսում էինք հոկտեմբերին հրավիրել Ազգային Ժողովի արտահերթ նիստ: Այդ փաթեթն, իմ կարծիքով, կլինի այն լավագույն գործիքներից մեկը, որով նոր կառավարությունը կարող է սկսել համախմբել մեր բևեռացված հասարակությունը: Ավարտելով խոսքս, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ համատեղ աշխատանքի համար և հայտնել, որ որպես քաղաքական կյանքի ակտիվ մասնակից, ես կշարունակեմ հասարակությունում առկա անջրպետները հաղթահարելու իմ առաքելությունը:  

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Ախուրյանի ՔՊ-ական համայնքապետն աշխատանքից ազատել է ԲՀԿ-ական տեղակալին Գիտությունը պետք է զարգանա տնտեսության և արդյունաբերության հետ մեկտեղ. Ռոբերտ Քոչարյան «Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին Շղթայական ավտովթար՝ Արագածոտնի մարզում Երուսաղեմում ճրագալույցի պատարագին կմասնակցեն նաև հավատացյալներ՝ սահմանափակ թվով․ «Փաստինֆո» Արտակարգ դեպք Աղվերան-Արզական ճանապարհին․ հողազանգվածը սարից թափվել է և ճանապարհը դարձրել անանցանելի Վաղը կհնչի ՀՀ ապագա վարչապետ Կարապետյանի` «Փոփոխության ելույթը»․ Ուժեղ Հայաստան Եգիպտոսի փոստային ծառայությունը նամականիշ-գեղաթերթիկ է թողարկել՝ հայազգի դիվանագետի դիմանկարով Անհայտ անձինք հրաձգություն են բացել Աֆղանստանում. զոհվել է 7 մարդ Տղաների վիճակը ծայրահեղ ծանր է Գևորգ Գրիգորյանն Անահիտ Ավանեսյանին հրավիրում է բանավեճի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն Իրանի թիրախու՞մ. նավթի գների աճն ինչպես կազդի Ադրբեջանի վրա Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. 4 վիրավոր կա Շիրակի մարզում ավտովթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ Նախընտրական ասֆալտ՝ հետընտրական ճաքերով. 5 ամիս առաջ արված ասֆալտը փլվել է. «Իշխանություն» Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման Ադրբեջանը մեծացնում է Վրաստանի հետ ցամաքային փոխադրումների քվոտաները Ինչո՞ւ է Հայաստանի դիմակայունության շեմն այնքան իջեցվել Պարզվել է այսօրվա ողբերգակական վթարի հետևանքով 6 մահացածների և վիրավորների ինքնությունը Ստեփան Դեմիրճյանը ԴՕԿ կուսակցության հետ երբևէ հանդիպում կամ քննարկում չի ունեցել․ ՀԺԿ Դավիթ Մինասյանը կմնա կալանքի տակ. դատախազությունը մերժել է պաշտպանների միջնորդությունը Տեղի ունեցած վանդալիզմի հետևանքով խեղվել ու աղճատվել է հանրապետական նշանակության հուշարձանի տեսքն ու ամբողջականությունը Ինչ է ցանկանում Ռուսաստանը Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են տևել 2-3 օր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am