Քաղաքապետը, գյուղապետը, չգիտեմ… ՀՀԿ-ն երբեք ընտրակաշառք չի բաժանել. պատգամավոր
Տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրությունները նախորդներից տարբերվում են իրենց ակտիվությամբ, որովհետև մասնակցում է նաև ընդդիմությունը: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Պատգամավորի խոսքով՝ ՏԻՄ այս ընտրությունները նախորդներից տարբերվում են նաև որակապես: «Ես շատ եմ կարևորում ՏԻՄ ընտրությունները: Եթե քաղաքական ուժը փորձում է քաղաքականությամբ զբաղվել, պետք է սկսի ՏԻՄ ընտրություններից, մարդուց, որովհետև քաղաքականությունը դրանից է սկսվում: Մարդկանց հետ շփվելը բավական բարդ աշխատանք է, ու էն կուսակցությունը, մարդը, ով սկսեց այդտեղից, արդյունքներ կունենա»,- նշեց Ալեքսանյանը: Հարցին՝ ի՞նչ նկատի ունի՝ որակապես տարբերվող ընտրություններ ասելով, արդյո՞ք խոսքն այն մասին է, որ ՀՀԿ-ն ընտրակաշառք չի բաժանի, մարդկանց չի ահաբեկի, Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանեց. «ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն երբեք ընտրակաշառք չի բաժանել: Քաղաքապետը, գյուղապետը, չգիտեմ… ՀՀԿ-ն երբեք ՏԻՄ ընտրություններում ընտրակաշառք չի բաժանել»:
