Նախկինում կողմնակալ մրցավարության պատճառով տասնյակ մեդալներ են կորցրել մեր ըմբիշները. մարզիչ
«Մենք կոնկրետ փաստեր չունենք այն մասին, որ Ռիո-2016-ում Միհրան Հարությունյանի եզրափակիչ գոտեմարտի ժամանակ ինչ-որ ուժեր են ազդել մենամարտի ընթացքի վրա: Սակայն կողմ ենք ՀԱՕԿ-ի որոշման հետ, որը ցանկանում է Լոզանի սպորտային վերաքննիչ դատարանում բողոքարկել մրցամարտը: Մեր նպատակը ոչ թե ոսկե մեդալը վերադարձնելն է, այլ այն, որ գալիք մրցաշարերում մրցավարներն ավելի օբյեկտիվ վերաբերվեն մեր հավաքականին», – այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին հայտարարեց Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը: Ջուլֆալակյանն ավելացրեց, որ նախկինում կողմնակալ մրցավարության պատճառով տասնյակ մեդալներ են կորցրել մեր ըմբիշները, սակայն իրենք երբեք չեն բողոքարկել, որովհետեւ մտածել են, որ դրանք միտումնավոր չեն եւ ժամանակի հետ ամեն ինչ կհարթվի:
