«Փոքրիկ» լրացումներ
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` «Ազատությանը» տված հարցազրույցը բաղկացած էր երեք բաժիններից` Ղարաբաղի հարց, տնտեսական վիճակ եւ «Սասնա ծռեր»: Երեք հարցերում էլ Քոչարյանը տվեց հիմնականում ճիշտ գնահատականներ, որոնք, սակայն, որոշակի լրացման կարիք ունեն: Նախ` Հայաստանում ավանդույթ կա, որ նախկին պաշտոնյան, առաջին հերթին` նախագահը, իրավիճակի գնահատականը տալով, անպայման համեմատություններ է անում` «այ, իմ ժամանակ…»: Այդ համեմատությունները վկայում են մի շատ պարզ իրողության մասին` տվյալ պաշտոնյան դեռեւս հավակնություններ ունի վերադառնալու իշխանության: Ինքնին հասկանալի է` եթե ես ասում եմ, որ հիմա վատ է, իսկ իմ ժամանակ լավ էր, դա նշանակում է, որ եթե ես նորից սկսեմ ղեկավարել, նորից լավ կլինի: Այն, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այլեւս չի ասում` «այ, իմ ժամանակ…», վկայում է, կարծում եմ, այն մասին, որ նա անձամբ այլեւս քաղաքական հավակնություններ չունի: Այս առումով «փոքրիկ լրացումներ» երկրորդ նախագահի ասածներին: Այո, տնտեսական իրավիճակի առումով Հայաստանի ներկայիս իշխանությունը պարծենալու բան չունի: Բայց եկեք հասկանանք, թե որն է այդ վիճակի խորքային պատճառը: Տնտեսագետներն ասում են, որ հիմնական պատճառը տնտեսության օլիգարխիկ կառուցվածքն է, մրցակցության բացակայությունը, ի վերջո` իսկական ազատ շուկայական հարաբերությունների չկայացած լինելը: Լավ տնտեսական կոնյունկտուրայի պայմաններում վիճակը կարող է փոքր-ինչ ավելի լավը լինել, բայց այս «դրվածքը», մեծ հաշվով, ոչ մի զարգացում չի կարող ապահովել: Ե՞րբ են այդ «ոչ շուկայական» հարաբերությունները վերջնականապես «բյուրեղացել»: Կարծում եմ՝ 1998 թվականից հետո: Այո, «Սասնա ծռերի» հանդեպ հասարակության մեծ մասի վերաբերմունքը լուրջ նախազգուշացում է այսօրվա իշխանություններին: Կասեի նաեւ` ոստիկանական գնդի վրա զինված հարձակման քաջալերումը վկայում է մեր հասարակության որոշակի «շեղվածության», հիվանդության մասին: Բայց եկեք հիշենք, թե երբվանից է մեր հասարակության մեջ սերմանվել այն միտքը, որ խաղաղ ճանապարհով, ընտրությունների միջոցով իշխանությունը հնարավոր չէ փոխել, երբվանից են մարդիկ եկել այն եզրակացության, որ որեւէ բանի հնարավոր է հասնել միայն ուժով եւ զոռբայությամբ: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Մանրամասները՝ aravot.am կայքում
