​Թերևս երբեք այս աստիճան վտանգված չի եղել մեր անկախությունը, ինչքան այս օրերին․ Արտավազդ Սահակյան. Ankakh.com

«Անկախությունը կերտողները» շարքի զրուցակիցը 1-ին գումարման ԱԺ պատգամավոր, Արցախյան ազատամարտի տարիներին դաշտային ու հիվանդանոցային պայմաններում անհնարինն իրականացրած բժիշկ, Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի ղեկավար, ՀՀ գլխավոր պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանն է։ - Պարոն Սահակյան, այս տարի նշում ենք Հայաստանի երրորդ Հանրապետության անկախության 25-ամյակը։ Եթե հետադարձ հայացք ձգեք մեր պետության անցած ուղուն, ի՞նչ ձեռքբերումներ և բացթողումներ կնշեք։ - Մեծ ձեռքբերումը Հայաստանի անկախությունն է, ինքնորոշումը, երբ ազգն ինքն է ընտրում իր ապագան, ինքն է պաշտպանում իրեն, ունի սեփական բանակ, կառավարություն։ Սկզբնական շրջանում ժողովրդավարությունը նույնպես ձեռքբերում էր, որը հետագայում խեղաթյուրվեց ու բավականին բարդ ճանապարհ անցավ։ Ձեռքբերումների մեջ նշում եմ նաև Արցախի ազատագրումը և հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի ներաճումը։ Պարտադիր չէ, որ մի հանրապետություն կոչվի։ Իրականում մենք այնքան ենք սերտաճել, որ դժվար է անջատել միմյանցից թե՛ տնտեսության մեջ, թե՛ հոգևոր ասպարեզում։ Արցախում արդեն ապրում է մի սերունդ, որը ծնվել է անկախության օրոք և հայեցի դաստիարակություն ստացել։ Սա շատ կարևոր է։ Իսկ բացթողումները շատ-շատ են։ Անկախության հենց առաջին տարիներից արդյունաբերությունը հիմնահատակ ավերվեց։ Հասարակության մի մասը, հատկապես՝ կեղծ ակտիվիստները և կեղծ հերոսները տիրապետեցին մեր համարյա ամբողջ ռեսուրսներին։ Իսկ թե արդյունքում ինչ ստացանք, երևում է այսօր։ Այս զանգվածը կուտակել է հսկայաքանակ ունեցվածք, որը հանգեցրեց արդյունաբերության քայքայման և բիզնեսի մենաշնորհի, որն էլ հանգեցրեց մեր ամենախոշոր կորստին՝ հայաթափմանը։ Դա է, որ ստիպում է մարդկանց հեռանալ Հայաստանից, որովհետև տղամարդը, որը չի կարողանում ապահովել իր ընտանիքն ամենատարրական բաներով ՝ սննդով, հագուստով կամ ապահովել երեխաների կրթությունը, ճնշված է և ստիպված է հայրենիքից հեռանալ։ Մյուս ամենամեծ բացթողումն այն է, որ այս ընթացքում մեր արտաքին քաղաքականությունը վարող կազմակերպությունը, դա թող լինի արտաքին գործերի նախարարությունը կամ նախագահի ինստիտուտը, չկարողացավ ժամանակին օգտագործել բավականին նպաստավոր պայմանները Ադրբեջանի հետ երկարատև խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Պետք էր կարողանալ մեր ուժեղ եղած ժամանակ ստանալ ստատուս ինչ-որ տարածքային զիջման դիմաց։ Այդ դեպքում Հայաստանի վիճակն ավելի կայուն կլիներ և Հայաստանն ընդգրկված կլիներ միջազգային տնտեսական շատ ծրագրերում։ Այսպես, առավոտից իրիկուն միայն գոռալով, թե հայոց բանակն ամենաուժեղն է, եկանք այս օրն ընկանք։ Եվ ոչ պակաս ծանր հարված է այս տարիներին մեզ հասցրել այն իրողությունը, որ ողջ մտավորականությունն ու տաղանդավոր երեխաները լքում են Հայաստանը։ Վերևներում փորձում են աչք փակել և ասել, որ դա այնքան էլ աղետալի չէ։ Ահազանգողներին էլ վատատեսի պիտակ են կպցնում կամ ասում, որ դեպքերն իրականությանը չեն համապատասխանում։ Բայց իրականում Հայաստանում գնաց հայաթափում, և թերևս 1990 թվականի բնակչության կեսն է լավագույն դեպքում մնացել Հայաստանում։ Հասարակ տվյալ բերեմ․ իմ հայրենի գյուղի երկու դպրոցներում 1990 թ. սովորում էր 1290 աշակերտ, իսկ հիմա երկուսում միասին՝ 500-ից մի փոքր ավելի։ Սա արդեն ահազանգող թիվ է, որ պետք է զգուշացնի, որ վաղը չենք կարողանա ունենալ այնպիսի զանգված, որը կկարողանա սահման պահել կամ մտավոր ներուժն ապահովել։ Ամենասարսափելին հովանավորչությունն է, որը խոր արմատներ է գցել ներկայիս իրավակարգում։ Շատ տարածված է, երբ նույն մարդը մի քանի պաշտոն է զբաղեցնում և բոլոր ոլորտներում փորձում է թելադրել՝ ունենալով իր շահը։ Ամեն տեղ անպայման իրենց երեխաները, բարեկամներն ու սանիկները պետք է լինեն, բացի առաջին գծից։ Ոչ մի ոլորտ Հայաստանում մաքուր չէ։ Սա էլ իր հերթին նոր գործազրկություն է բերում։ Ահա թե ինչ եղավ անկախության տարիներին․ մենք երազում էինք լիովին այլ Հայաստանի մասին, բայց ունեցանք այն, ինչ ունենք։ Լուրջ պետք է խորհեն մեր պետական այրերը և ինչ-որ չափով գոնե ինքնամաքրման գնան։ Ինչքան թալանեցին ու կերան` հալալ լինի, հիմա գոնե խելքի պետք է գան, որ այս պետությունը հարատևի։ Այսօր Արցախի գոյատևման խնդիրը չի դրված, այլ հայ ժողովրդի գոյատևման։ Թերևս երբեք այս աստիճան վտանգված չի եղել մեր անկախությունը, ինչքան այս օրերին։ - Ասացիք, որ այլ Հայաստանի մասին էիք երազում։ Հետաքրքիր է՝ անկախությունը կերտելիս ինչպիսի՞ն էր անկախ Հայաստանի Ձեր տեսլականը։ - Մենք պայքարում էինք ժողովրդավար, ազատ, հզոր, զարգացած պետություն ունենալու համար։ Համենայն դեպս, իմ պատկերացմամբ՝ մի փոքրիկ Իսրայել, որը կկարողանար այնքան հզոր լինել, որ ինքնուրույն իրեն պաշտպաներ, ոչ թե անընդհատ վազեր Ռուսաստանի կամ Ամերիկայի դուռը, թե` եկեք մեզ պաշտպանեք։ Ինքներդ եք հասկանում՝ այսպիսի կոռումպացված ուժային կառույցներով դժվար է Հայաստանը պաշտպանել։ Մեր մահմեդական հարևանների, Արևմուտքի ու Ռուսաստանի հետ պետք է կարողանար այնպիսի արժանապատիվ հարաբերություններ ստեղծել, որ չընկնեինք քացու տակ կամ ռուսները մեզ չնայեին որպես իրենց ստրուկի կամ ճորտի։ - Երբեմն անկախության տարիների սխալները մեկնաբանելիս ասվում է, որ հայությունը պարզապես պատրաստ չէր անկախությանը։ Ձեր կարծիքով՝ այն ժամանակ մենք որքանո՞վ էինք պատրաստ անկախությանը։ - Մենք շատ լավ պատրաստ էինք, Հայաստանը Խորհրդային Միության երրորդ արդյունաբերական հանրապետությունն էր, ունեինք մտավոր ներուժ, լավ մասնագետներ, ունեինք աշխարհի համակրանքը, որովհետև սկզբնական շրջանում ամբողջ հետխորհրդային տարածքում միակ ժողովրդավար պետությունն էինք։ Մյուս բոլոր երկրներում կոմունիստական կուսակցության ներկայացուցիչներն էին ղեկավարում, միայն Հայաստանում էր, որ դեմոկրատական շարժման ծնունդ Հայոց համազգային շարժման ներկայացուցիչներն եկան իշխանության։ - Ո՞րն եք համարում պետականաշինության տարիներին թույլ տրված ամենամեծ սխալը։ Ի՞նչը մեզ շեղեց զարգացման նախանշված ուղուց։ - Նախ՝ չտես, գռփող, ագահ զանգվածը հիմնականում օգտվեց այդ պահից՝ ոչ մի կապ չունենալով հայրենասիրության հետ։ Երկրորդ՝ ժողովրդավարության սկզբունքներից շեղվելը։ 96 թվականի դեպքերը հանգեցրին 98 թվականի դեպքերին։ Փոխկապված, պաթոլոգիկ շարժում գնաց։ եթե 96 թվականի ընտրությունները նորմալ անցնեին, չեմ կարծում, որ հետագայում այսպիսի ցնցումների մեջ ընկնեինք։ - Իսկ ո՞րն եք համարում ներկայում մեր երկրի առջև ծառացած ամենամեծ մարտահրավերը։ - Սա շատ կարևոր է, մենք հասել ենք հայաթափման կրիտիկական կետին, պետք է անպայման հրատապ միջոցներ կիրառել, որպեսզի Հայաստանում լինի քաղաքացիական համերաշխություն, արդարություն և առաջիկա ընտրություններն անցկացվեն արդար, չկեղծվեն։ Ես այս պայմաններում իհարկե չեմ հավատում, որ այս մարդիկ կկարողանան, բայց նախագահն այս ամենից պետք է հետևություններ անի. մի պահ է եկել, որ այստեղից այն կողմ էլ տեղ չկա, համարյա երկրորդ Սարդարապատի առաջ ենք կանգնած։ Հակված եմ կարծելու, որ Ադրբեջանն ապրիլյան օրերին միայն շոշափեց, նա վստահաբար պատրաստվում է ավելի մեծ, լայնածավալ պատերազմի, և եթե չլինի ժողովրդական միասնություն, ապա անհնար է դիմակայել այդ զինված, հարուստ, ագրեսիվ երկրի հարձակմանը։ - Պարոն Սահակյան, ապրիլյան պատերազմը մեծ փորձություն էր մեր պետության համար։ Ձեր գնահատմամբ ինչպե՞ս հաղթահարեցինք այն, ի՞նչ դասեր պետք է քաղենք ու ի՞նչ քայլեր ձեռնարկենք։ - Պետք է արդարություն ու ժողովրդավարություն լինի, թալանչիները, որոնք թալանեցին բանակի հասանելիքը, պատասխան պետք է տան։ Տեսեք. որոշ ծրագրերով ծախսերը երկու հարյուր միլիոնի են հասնում։ Բարեկեցիկ երկրների համար դա նորմա է, բայց մեզ նման երկրի համար, որը գոյատևման խնդիր ունի, այս գումարները պետք է ծախսել բանակի հզորացման համար, ոչ թե բանակի վերին խավի հարստացման ու դղյակներ կառուցելու համար։ Պետք է կենտրոնանանք ժողովրդավարության ու բանակաշինության վրա, անպայման պետք է կանխել նաև արտագաղթը, մենք արդեն չունենք նյութական ու մարդկային ռեզերվներ, ինչո՞վ ենք պատրաստվում պահել այս երկիրը։ - Հայաստանի ապագան ինչպիսի՞ն եք տեսնում։ - Դժվար եմ տեսնում մոտ ապագան, բայց ես այն մարդկանցից չեմ, որոնք կլքեն Հայաստանը։ Անպայման պետք է պայքարել ու դիմադրել, եթե ոչ` պետք է ուղղակի մոռանալ, որ մենք հայ ենք, ու տարրալուծվել օտար ազգերի մեջ «որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքով ու մոռանալ, որ Հայաստան է եղել։  

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Ախուրյանի ՔՊ-ական համայնքապետն աշխատանքից ազատել է ԲՀԿ-ական տեղակալին Գիտությունը պետք է զարգանա տնտեսության և արդյունաբերության հետ մեկտեղ. Ռոբերտ Քոչարյան «Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին Շղթայական ավտովթար՝ Արագածոտնի մարզում Երուսաղեմում ճրագալույցի պատարագին կմասնակցեն նաև հավատացյալներ՝ սահմանափակ թվով․ «Փաստինֆո» Արտակարգ դեպք Աղվերան-Արզական ճանապարհին․ հողազանգվածը սարից թափվել է և ճանապարհը դարձրել անանցանելի Վաղը կհնչի ՀՀ ապագա վարչապետ Կարապետյանի` «Փոփոխության ելույթը»․ Ուժեղ Հայաստան Եգիպտոսի փոստային ծառայությունը նամականիշ-գեղաթերթիկ է թողարկել՝ հայազգի դիվանագետի դիմանկարով Անհայտ անձինք հրաձգություն են բացել Աֆղանստանում. զոհվել է 7 մարդ Տղաների վիճակը ծայրահեղ ծանր է Գևորգ Գրիգորյանն Անահիտ Ավանեսյանին հրավիրում է բանավեճի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն Իրանի թիրախու՞մ. նավթի գների աճն ինչպես կազդի Ադրբեջանի վրա Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. 4 վիրավոր կա Շիրակի մարզում ավտովթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ Նախընտրական ասֆալտ՝ հետընտրական ճաքերով. 5 ամիս առաջ արված ասֆալտը փլվել է. «Իշխանություն» Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման Ադրբեջանը մեծացնում է Վրաստանի հետ ցամաքային փոխադրումների քվոտաները Ինչո՞ւ է Հայաստանի դիմակայունության շեմն այնքան իջեցվել Պարզվել է այսօրվա ողբերգակական վթարի հետևանքով 6 մահացածների և վիրավորների ինքնությունը Ստեփան Դեմիրճյանը ԴՕԿ կուսակցության հետ երբևէ հանդիպում կամ քննարկում չի ունեցել․ ՀԺԿ Դավիթ Մինասյանը կմնա կալանքի տակ. դատախազությունը մերժել է պաշտպանների միջնորդությունը Տեղի ունեցած վանդալիզմի հետևանքով խեղվել ու աղճատվել է հանրապետական նշանակության հուշարձանի տեսքն ու ամբողջականությունը Ինչ է ցանկանում Ռուսաստանը Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են տևել 2-3 օր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am